Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները վերջին օրերին իրականացված հատուկ միջոցառումների արդյունքում երկրից արտաքսել են 101 օտարերկրյա քաղաքացու, որոնց թվում են նաև Հայաստանի քաղաքացիներ։ Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ արտաքսվածների ցանկում են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Չինաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Ֆիլիպինների, Ուզբեկստանի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ։
Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ արտաքսված բոլոր անձանց, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին, մուտքը Վրաստանի տարածք պաշտոնապես արգելվել է։ Վրաստանում վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացել է պայքարն անօրինական միգրացիայի դեմ, ինչին նպաստել են նաև օրենսդրական խստացումները։ Երկրի խորհրդարանը պարզեցրել է անօրինական բնակվող միգրանտների խուզարկության և արտաքսման ընթացակարգերը։ ՆԳՆ վիճակագրական տվյալներով՝ տարեսկզբից ի վեր Վրաստանից արտաքսվել է ավելի քան 3,6 հազար անօրինական միգրանտ։