Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները վերջին օրերին իրականացված հատուկ միջոցառումների արդյունքում երկրի տարածքից արտաքսել են 101 օտարերկրյա քաղաքացու։ Գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ արտաքսվածների թվում են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Թուրքիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Պակիստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ֆիլիպինների, Կուբայի, Նիգերիայի և մի շարք այլ երկրների քաղաքացիներ։ Արտաքսված բոլոր անձանց համար հետագայում խստիվ արգելվել է մուտք գործել Վրաստանի Հանրապետություն։ Երկրի իրավապահ մարմինները վերջին շրջանում զգալիորեն ակտիվացրել են պայքարը անօրինական միգրացիայի դեմ, ինչին նպաստել է նաև խորհրդարանի կողմից միգրացիոն օրենսդրության խստացումը։ Նոր կարգավորումներով էապես պարզեցվել են անօրինական բնակվող միգրանտների հայտնաբերման, խուզարկության և երկրից արտաքսման ընթացակարգերը։ Վրաստանի ՆԳՆ-ն պարբերաբար հանրայնացնում է նմանօրինակ գործողությունների արդյունքները․ պաշտոնական տվյալներով՝ տարեսկզբից ի վեր հանրապետության տարածքից արտաքսվել է ավելի քան 3,6 հազար անօրինական միգրանտ։

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Բարձրաստիճան զինվորականի այցի շրջանակներում նախատեսվում են մի շարք պաշտոնական հանդիպումներ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ։ Քննարկումների առանցքում լինելու են հայ-վրացական պաշտպանական համագործակցության ընդլայնման, տարածաշրջանային անվտանգության ապահովման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment