Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում պատգամավոր Էդգար Ղազարյանի և Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի միջև բանավեճ ծավալվեց նախարարի անվան հետ կապված հնարավոր կոռուպցիոն հրապարակումների և իշխանական ու ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական վարույթների թեմայով։

Ղազարյանը, հղում անելով մամուլի հրապարակմանը, հետաքրքրվեց նախարարի հայտարարագրերում նշված հնարավոր անհամապատասխանություններով և հարցրեց՝ արդյոք այդ հրապարակումների հիման վրա որևէ վարույթ նախաձեռնվել է։

««Փաստաբանները ֆինանսների նախարարին կասկածում են կոռուպցիոն գործարքների մեջ»: Այստեղ ծավալուն հոդված կա, որը վերաբերում է ձեր հայտարարագրերի անհամապատասխանություններին, մոտ 1 միլիոն դոլարի չափով փոխհատուցումների տրամադրման ինչ-որ խնդիրներին… Ես խնդրում եմ այս հրապարակման արդյունքների հետ կապված մեզ տեղեկություն տաք․ արդյո՞ք վարույթ նախաձեռնվել է Ձեր դեմ, թե՞ չէ»,- ասաց Ղազարյանը։

Նա նաև պնդեց, որ քրեական հետապնդումներ հիմնականում նախաձեռնվում են ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ։

«Ո՞նց է լինում էլի, որ մեր երկրում այդպես ապօրինի գործողություններ են անում միայն ընդդիմադիր քաղաքական գործիչները, իսկ այն քաղաքական գործիչները, ովքեր որ իշխանության մեջ ներգրավված են, չնայած նրանց շուրջ եղած հսկայական աղմուկին… այդպես էլ նրանց դեմ որևէ վարույթ չեն նախաձեռնում»,- ասաց պատգամավորը։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պատասխանեց, որ հարցը բյուջետային քննարկումների հետ առնչություն չունի և առաջարկեց պարզաբանումների համար դիմել համապատասխան իրավապահ մարմիններին։

«Եթե Ձեզ հետաքրքրում են այդ հարցի մանրամասները… Դուք դիմեք համապատասխան մարմիններ՝ Դատախազություն կամ Հակակոռուպցիոն… Իրենք Ձեր հարցերին կպատասխանեն: Ես չգիտեմ Ձեր հարցի պատասխանը»,- ասաց նախարարը։

Հովհաննիսյանը նաև անդրադարձավ իր հետ կապված հրապարակումներին և պնդեց, որ դրանց հիմքում բովանդակային խնդիր չկա։

«Իմ հետ կապված գործը, որին Դուք հղում եք անում, անիմաստ է, որովհետև այդտեղ ոչ մի բան չկա… դա անիմաստ մի գործ է, որի մասին մարդիկ անկեղծորեն ասել են՝ «քանի որ Ֆինանսների նախարարությունը որոշել է դատապաշտպաններին, փաստաբաններին հարկել, մենք էլ վրեժխնդիր ենք լինում»»,- հայտարարեց Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

 

Leave a comment