ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News

ԱՄՆ զինված ուժերը սահմանափակ պաշտպանական հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին։ Այս մասին CBS News-ին հաստատել  են ամերիկացի երեք պաշտոնյաներ։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ հարվածների թիրախում է եղել Իրանի Քեշմ կղզին, այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կրակ է բացել ամերիկյան օդանավի ուղղությամբ։

Հարվածների մասին առաջինը երկուշաբթի հայտնել էր The Wall Street Journal-ը։

Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը հայտնել է, որ երկուշաբթի կղզում մի քանի պայթյուն է  տեղի ունեցել։

Հարվածները տեղի են ունեցել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների նախօրեին։ Այդ ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է ընտրություններից հետո Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը, մինչդեռ ԱՄՆ-ի և Կատարի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության հասնելու շուրջ։

Պատերազմի իններորդ ամսում Թրամփի հռետորաբանությունը շարունակում է փոփոխվել․ նա երբեմն խոսում է համաձայնության հասնելու, երբեմն էլ Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու հնարավորության մասին։

Երկուշաբթի Truth Social հարթակում Թրամփը գրել է, որ համաձայնությունը «կարող է կայանալ», և որ «Իրանը ցանկանում է հնարավորինս շուտ համաձայնության հասնել»։

Սակայն նույն օրը՝ ավելի ուշ, Fox News-ի եթերում Թրամփը հայտարարել է, որ Իրանում դեռևս կան մի քանի օբյեկտներ, որոնց հարցը «պետք է լուծել»։ Դրանց թվում նա նշել է «Փիքաքս լեռը» (Pickaxe Mountain), որտեղ, ըստ կասկածների, միջուկային օբյեկտ է տեղակայված։

Շոն Հենիթիի հաղորդմանը մասնակցելիս Թրամփը նշել է, որ նման գործողությունն այնքան էլ բարդ չէ և կարող է իրականացվել «մեկ ժամում»։

Associated Press-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանգստյան օրերին Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել շարունակել Իրանի դեմ ինտենսիվ հարվածները։ Թրամփը հաստատել է զրույցի փաստը՝ այն բնութագրելով որպես «շատ լավ խոսակցություն», սակայն չի մանրամասնել քննարկված հարցերը։

Իրանի դեմ պատերազմն ազդեցություն է ունեցել ինչպես Իսրայելում կայացած խորհրդարանական ընտրությունների, այնպես էլ ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին նախատեսված միջանկյալ ընտրությունների քաղաքական օրակարգի վրա։ Պատերազմի և դրա տնտեսական հետևանքների, այդ թվում՝ էներգակիրների թանկացման պատճառով աճել է դժգոհությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից։ Pew Research Center-ի հոկտեմբերին հրապարակված հարցման համաձայն՝ ամերիկացիների 65%-ը հավանություն չի տվել Իրանի դեմ ռազմական գործողությունների հարցում Թրամփի քաղաքականությանը։

Իսրայելում էլ հոկտեմբերի 27-ին՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո անցկացված առաջին խորհրդարանական ընտրություններում, վարչապետ Բենիամին Նեթանյահուի ղեկավարած քաղաքական դաշինքը կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը՝ ստանալով 120 մանդատներից 53-ը։

CBS News-ի ձեռք բերած՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության նոր գնահատականի համաձայն՝ հոկտեմբերի կեսերի դրությամբ Իրանի դեմ պատերազմն ամերիկյան զինված ուժերի վրա արժեցել է առնվազն 47,1 միլիարդ դոլար։ Այդ գումարից շուրջ 29 միլիարդ դոլարը գնահատվել է որպես օգտագործված զինամթերքի պաշարների համալրման ծախս, 6,1 միլիարդը՝ կորցրած տեխնիկայի փոխարինման, իսկ 11,9 միլիարդը՝ զինծառայողների ապահովման և այլ լրացուցիչ ծախսեր։

Գնահատականը չի ներառում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին հասցված վնասը։ Դրանցից շատերը դարձել են իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների թիրախ։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment