Հասարակություն
03.11.2026 | 10:12
Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցը՝ անվավեր ճանաչելով 2007 թվականին Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում, ներկայում՝ Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող 1,35 հա հողամասի առուվաճառքի պայմանագիրը։ Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գումարը կվերադարձվի Հրազդան համայնքին։
Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․
«Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 30-ի վճռով մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հրազդան համայնքի և ֆիզիկական անձի։ Վճռով անվավեր է ճանաչվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի (ներկայում Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 36 հասցե)՝ 1.35 հա հողամասի՝ 2007 թվականի մայիսի 29-ի առուվաճառքի պայմանագիրը:
Գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված՝ Դատարանը, որպես երկկողմանի ռեստիտուցիա, ֆիզիկական անձին պարտավորեցրել է հատուցել գույքի ձեռքբերման պահի դրությամբ շուկայական արժեքի տարբերությունը՝ 127 միլիոն 531 հազար 500 դրամի չափով:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար 500 դրամ»։