Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Պարզապես ապշել կարելի է այն եռանդից, որով քպական իշխանությունը հետևողականորեն ու անդադար մտնում է «հպարտ քաղաքացիների» գրպանը: Տեսեք. գները շարունակաբար աճել ու աճում են: Հարկերը, տուրքերը, տուգանքները, տույժերը բարձրացել են, նաև ավելացել է դրանց «տեսականին»:

Շարքը երկար է: Հիմա էլ հերթը հասավ անձնագրերին: Նոյեմբերի 1-ից կենսաչափական փաստաթղթեր ստանալու համար պիտի ընդհանուր 34600 դրամ «ցնծաք». կենսաչափական անձնագրի համար՝ 28650 դրամ, ID քարտի համար՝ 5950: Որպեսզի պատկերը լրիվ պարզ լինի, հիշեցնենք, որ նախկինում «սովորական» անձնագրի համար պետվճարն ընդամենը 1000 դրամ էր, իսկ ID քարտի համար՝ 3000 դրամ: Այսինքն՝ հիմա գրեթե 8,5 անգամ շատ ենք վճարելու: Հիմա սա ի՞նչ է, եթե ոչ հերթական անգամ քաղաքացու գրպանը մտնել:

Որոշ երկրներում կիրառվում են երկու անձնագրի կամ նույնականացման քարտի (պարտադիր) և միջազգային անձնագրի (ըստ ցանկության կամ անհրաժեշտության) համակարգերը: Այսինքն, եթե մարդը երկրից դուրս գալու ցանկություն կամ հնարավորություն չունի, կարող է ունենալ «սովորական անձնագիր» կամ բավարարվել միայն ID քարտով, որը երկրի ներսում լիարժեք կփոխարինի անձնագրին (այսինքն՝ ID քարտը դառնում է պարտադիր): Մյուսները՝ խնդրեմ, թող վճարեն, ստանան իրենց կենսաչափական անձնագրերը. հասկանում ենք, որ ոչ մի երկում դրանք անվճար չեն: Հիմա ստացվում է, որ, օրինակ՝ երբ երեխայի 16 տարին լրանում է, ապա ծնողները մեխանիկորեն պետք է 34600 դրամ վճարեն, որ նա անձնագրավորվի: Նույնը վերաբերում է նաև բոլոր նրանց, ում անձնագրի ժամկետը լրանում է, իսկ կենսաչափական անձնագիր ունենալու հնարավորություն չունեն (վերը նշյալ պատճառով՝ նաև ցանկություն): Ճիշտ է, ՆԳՆ-ից ասում են, թե որոշ խմբերի համար արտոնություններ կամ զեղչեր կլինեն, բայց դա գլոբալ առումով հարցի լուծում չէ, իսկ մարդկանց գրպանները շարունակում են դատարկվել…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment