Ռուսաստանն արձագանքել է Թյուրքական պետությունների կազմակերպությանը մասնակցելու հրավերին
Ռուսաստանի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը հասկանալի և նպատակահարմար կլիներ։ Դրա մասին «Ведомости»-ի հարցին ի պատասխան հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Մոսկվան առայժմ պաշտոնական հրավեր չի ստացել, սակայն հարցը կարող է քննարկման թեմա դառնալ Ղազախստանի հետ շփումների ընթացքում։
«Ինչ վերաբերում է Թյուրքական պետությունների կազմակերպությանը Ռուսաստանի մասնակցությանը, դուք գիտեք, որ Ռուսաստանում կան մի շարք տարածաշրջաններ, որոնց ժողովուրդները նույնպես իրենց պատմական ծագմամբ թյուրքական են»,- ասել է Պեսկովը։ Նա ընդգծել է, որ խոսքը պետք է լինի կազմակերպության աշխատանքներին Ռուսաստանի Դաշնության՝ որպես ամբողջության, այլ ոչ թե առանձին տարածաշրջանների միանալու մասին։
Հոկտեմբերի 30-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Անկարայում անցկացված Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել միավորման կազմում։