Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով

Քաղաքականություն

02.11.2026 | 20:44

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը, որը մեղադրվում է կոռուպցիոն հանցագործության մեջ, կանցկացվեն դռնփակ։ Համապատասխան միջնորդությունը դատարան է ներկայացրել մեղադրող կողմը, դատավոր Թամար Մճեդլիշվիլին բավարարել է այն։

Դատախազ Անի Լեկիաշվիլիի միջնորդության համաձայն՝ գործը կապված է Պաշտպանության նախարարության հետ, իսկ նիստերի ընթացքում պետք է հարցաքննվեն գործող և նախկին պաշտոնատար անձինք, ինչի ընթացքում կարող են հրապարակվել մասնագիտական և պետական գաղտնիքներ։ Դատախազի խոսքով՝ միջնորդության հիմքերից մեկն էլ անձանց անձնական տվյալների պաշտպանությունն է։

Պաշտպանական կողմը կտրականապես դեմ է արտահայտվել այդ միջնորդությանը։ Փաստաբան Սոսո Բարաթաշվիլին հայտարարել է, որ Ջուանշեր Բուրճուլաձեի գործը նույնպես առնչվում էր Պաշտպանության նախարարությանը և գաղտնի գնումներին, սակայն այդ դատավարությունը դռնփակ չի անցկացվել։ Փաստաբանի խոսքով՝ հանրությանը ճշմարտությունը հայտնի դարձնելու համար դատական նիստը չպետք է անցկացվի դռնփակ։

Ըստ պաշտպանական կողմի՝ «երկրի բնակչությունն արժանի է իմանալու, թե կոնկրետ ինչ մեղադրանք է առաջադրվել Իրակլի Ղարիբաշվիլիին և ինչ ապացույցներ կան նրա դեմ»։

Դատական նիստը դռնփակ անցկացնելու դեմ է արտահայտվել նաև անձամբ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Իհարկե, ես դեմ եմ այս միջնորդությանը։ Ցանկանում եմ, որ հանրությունն իմանա ճշմարտությունը, որ սա քաղաքական դրդապատճառներով հարուցված գործ է, որը հիմնված է զրպարտության վրա։ Հետևաբար, չափազանց կարևոր է, որ դատավարությունն ընթանա հրապարակային և թափանցիկ, որպեսզի հանրությունը տեսնի այս մեղադրանքի անհիմն լինելը։ Ես կտրականապես դեմ եմ այս միջնորդությանը և խնդրում եմ այն չբավարարել»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։

Քննության վարկածի համաձայն՝ Իրակլի Ղարիբաշվիլին որպես կաշառք ստացել է 750 հազար լարի (մոտ 290 հազար դոլար)։ Գումարը նրան անմիջապես փոխանցել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն։ Մեղադրանքի հոդվածով նախատեսվում է 11-ից 15 տարվա ազատազրկում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment