«Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ գործադիր տնօրեն, քաղաքական գործիչ Լևոն Վարդապետյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Իջևանի ՏԻՄ ընտրություններին, իրենց քաղաքական թիմի գրանցած արդյունքներին, Հայաստանում ձևավորված քաղաքական մշակույթին։
Խոսելով Իջևանի ավագանիում ստացած 4 մանդատի մասին՝ Վարդապետյանը նշել է, որ գիտակցել են ուժերի ու ռեսուրսների անհավասարությունը, սակայն փորձել են չվախենալ և մասնակցել․
«Ճիշտն ասած, չորս մանդատ ունենք… ինչ-որ տեղ կարծում էինք՝ դա լավ ցուցանիշ չէ, բայց եթե խորանում ենք մանրամասների մեջ, կարծում եմ՝ էդ չորս մանդատը շատ լավ ցուցանիշ է այն ուժի համար, որը բավական երիտասարդ է ու առաջին մասնակցությունն էր քաղաքական դաշտում։ Մեր թիմից միջին տարիքը, եթե չեմ սխալվում, 22-23 տարեկանն էր։ Այդքան երիտասարդ թիմ ենք ունեցել ու ունենալ չորս մանդատ այդ երիտասարդ թիմով, հինգ տարի հետո կարծում եմ նույնիսկ կարող ենք պայքարել մեծամասնության համար»։
Անդրադառնալով Իջևանում իշխող կուսակցության գրանցած բարձր արդյունքներին՝ Վարդապետյանն ընդգծել է․
«Փաշինյանի ծննդավայրն է, այո, Իջևանը, բայց եթե չեմ սխալվում, Փաշինյանը երբ քաղաքականությամբ զբաղվում էր 20 տարի շարունակ՝ մինչև հեղափոխությունը, այդքան էլ բարձր ցուցանիշներ չի ունեցել Իջևանում, միայն հեղափոխությունից հետո արդեն միշտ բարձր ցուցանիշներ ունենում է։ Նաև կարող եմ դա կապել նրա հետ, որ այն մարդիկ հիմա ովքեր աշխատում են Փաշինյանի թիմի համար, այն ժամանակ աշխատում էին այլ թիմերի համար»։
Հերքելով խոսակցությունները, թե իրենք արհեստական կամ «գրպանային» ընդդիմություն են, Լևոն Վարդապետյանը հայտարարել է, որ իշխանությունը գործել է իրենց դեմ՝ փորձելով վարկաբեկել ուժը և հասնել թեկնածուների ինքնաբացարկների․
«Կոնկրետ հենց իշխանությունն էլ գործել է մեր դեմ։ Փորձել են այնպես անել, որպեսզի թեկնածուներից շատերը ինքնաբացարկ հայտնեն։ Էն մեթոդով են դա իրականացրել, որ ենթադրենք՝ զանգել են 18 տարեկան աղջկան կամ իր ծնողին, միջնորդավորված ձևով զանգել են իրենց ծանոթին, ու խնդրել, որպեսզի իրենք հորդորեն նրանց դուրս գալ ցուցակից ու փոխանցել, որ եթե դուք առաջադրվեք, օրինակ ձեր հայրը գործից կազատվի»։
Նա նաև մատնանշել է թաքնված ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր, որոնք հատուկ են ոչ միայն Իջևանին, այլև ողջ երկրին․
«Միանշանակ, մենք էլ ենք ասում, որ կա ընտրակաշառք՝ թաքնված, նաև կա վարչական ռեսուրսի կիրառում։ Օրինակ, իմ կարծիքով նույնպես վարչական ռեսուրսի կիրառում է կամ թաքնված ընտրակաշառք է, երբ որ աշխատավարձերն են բարձրացվում։ Դիտորդների կողմից ունենք վիդեոապացույցներ՝ ժամով, տեղով, ոնց է օրինակ դպրոցը ազատվել դասերից ժամը 1:20-ին ու ուղարկվել քարոզչության»։
Քաղաքական գործիչը քննադատել է ներկայիս քաղաքական համակարգում տիրող բարքերը՝ նշելով, որ իրենք փորձում են դուրս գալ ատելության խոսքի և վիրավորանքների օրակարգից․
«Այդ ուժերը մի քաղաքական համակարգ են ստեղծել, որտեղ իրար հայհոյում են, իրար ծեծում են, իրար վիրավորում են, ատելության խոսք են տարածում… կամ թուրքերն են, կամ դավաճանությունն է, կամ նախկիններն են։ Մենք պետք է սկզբունքորեն տարբերվենք ու խոսենք մարդկանց հետ շփվենք առաջարկներով… չմտնենք ներկա նախկին այդ տրամաբանության մեջ… ժողովուրդը նաև ցանկանում է լսել տրամաբանական, կիրթ ու նորմալ խոսք»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան