Սահմանին ՌԴ–ից եկող գազի գնի հնարավոր բարձրացումը ՀՀ տնտեսության համար աղետալի հետևանքներ չի ունենա, հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ–ում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ:
Հարցը բարձրացրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ մտահոգություն հայտնելով, որ Հայաստանի սահմանին գազի գնի բարձրացումը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի մակրոտնտեսական ցուցանիշների վրա, հայտնում է Sputnik Արմենիան:
«Նման սցենարի դեպքում պետական պարտք–ՀՆԱ հարաբերակցությունը, որն այժմ մոտ 50% է, կարող է հասնել մոտ 60%-ի»,– նշել է ընդդիմադիր պատգամավորը։
Հովհաննիսյանն արձագանքել է՝ նշելով, որ գազի գնի բարձրացման վերաբերյալ նոր տեղեկություններ այս պահին չկան։
«Չեմ կարծում, որ պետք է ապոկալիպտիկ տրամադրությամբ խոսենք գազի գնի հնարավոր բարձրացման մասին, առավել ևս չեմ կարծում, որ դա աղետալի հետևանքներ կունենա։ Գազի գնի բարձրացման հետ կապված դեռ որևէ նորություն չկա։ Ես ուզում եմ ձեզ ուղղակի հիշեցնել, որ անցած տարի էլ նույն ձևի խոսակցություններ էին գնում գազի գնի հնարավոր բարձրացման վերաբերյալ, և հիմա էլ նույն ձևի խոսակցություններ են գնում»,– ասել է նախարարը։
Մեսրոպ Մանուկյանն իր հերթին հիշեցրել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա խնդիրների մասին՝ մատնանշելով վերջին շրջանի քաղաքական և դիվանագիտական զարգացումները։
«Ես մտահոգություն եմ հայտնում, հարց եմ տալիս ժողովրդի անունից։ Ժողովրդին հետաքրքիր է՝ թանկանալո՞ւ է, թե ոչ»,– հայտարարել է պատգամավորը։
Ֆինանսների նախարարը պատգամավորի այս հարցին այլևս չի արձագանքել։
Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերին կայացած ասուլիսի ընթացքում ասել էր, որ գազի գնի բարձրացումը կարող է հանգեցնել «ապոկալիպտիկ» կամ այլ ոչ բնականոն տնտեսական սցենարի։
Հոկտեմբերի 22-ին հարցին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանի տնտեսությանը աղետալի զարգացումներ չեն սպասվում։ Փաշինյանը նաև քննադատել է հակառակ տեսակետն արտահայտողներին՝ նշելով, որ նման գնահատականներ հնչեցնողները տնտեսությունից չեն հասկանում։
Ներկայում Հայաստանում գործող բնական գազի սակագները սահմանվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 1-ի որոշմամբ և ուժի մեջ են մտել նույն տարվա ապրիլի 1-ից։ Բնակիչ-բաժանորդների համար բնական գազի մեկ խորանարդ մետրի սակագինը կազմում է 143․7 դրամ։