Ըստ կոմիտեի` սա նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում երկրի յուրաքանչյուր բնակչի հաշվով օդի տրանսպորտային և արդյունաբերական աղտոտվածությունը կազմել է 36.9 կգ, իսկ տարածքի մեկ քառակուսի կիլոմետրին բաժին է ընկել ավելի քան 4 տոննա թունավոր արտանետում։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրը շարժական կազմն է (տրանսպորտը), որին բաժին է ընկնում ընդհանուր արտանետումների 63.5%-ը կամ շուրջ 198.2 հազար տոննա, մինչդեռ գործարանների ու հանքերի (անշարժ աղբյուրներ) տեսակարար կշիռը կազմում է 36.5% (113.9 հազար տոննա)։
Ավտոմեքենաներից մթնոլորտ մղված գազերի կառուցվածքում բացարձակ մեծամասնություն է կազմում ածխածնի օքսիդը՝ 143.3 հազար տոննա (72.3%), որին հաջորդում են ցնդող օրգանական միացությունները՝ 34.9 հազար տոննա (17.6%) և ազոտի օքսիդները՝ 19.1 հազար տոննա (9.6%)։
Ինչ վերաբերում է արդյունաբերական հատվածին, ապա երկրում հաշվառված 2 445 անշարժ աղբյուրների (գործարաններ, հանքեր, շինհրապարակներ) 97.4%–ն ունեցել է սահմանային թույլատրելի հաստատված չափորոշիչներ։ Այս աղբյուրներից արտադրական պրոցեսում անջատված 420.1 հազար տոննա վնասակար նյութերից ժամանակակից ֆիլտրերի շնորհիվ վնասազերծվել է 72.9%-ը, իսկ մնացած 27.1%–ն արտանետվել է բաց տարածություն։
Զուգահեռաբար փոփոխություններ են արձանագրվել նաև ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետման ծավալներում։ Վերջին հաշվարկներով՝ առանց հողօգտագործման և անտառային տնտեսության ոլորտի կլանումների, ՋԳ արտանետումները կազմել են 13 314.1 կիլոտոննա ածխաթթու գազի համարժեք։
Այս ցուցանիշը 11.9%-ով բարձր է նախորդող տարիների (2019թ.) մակարդակից, սակայն 50.2%-ով ցածր է մնում 1990 թվականի համեմատականից։
Եթե հաշվի առնենք նաև բնական կլանումները, ապա ջերմոցային գազերի զուտ արտանետումները կազմել են 12 932.2 կիլոտոննա՝ արձանագրելով 50.3% նվազում 1990 թվականի բազային ցուցանիշի նկատմամբ։