Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը

Քաղաքականություն

02.11.2026 | 16:34

Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը նպատակահարմար է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Իզվեստիան։

«Ինչ վերաբերում է Թյուրքական պետությունների կազմակերպությանը Ռուսաստանի մասնակցությանը, գիտեք, որ Ռուսաստանում կան մի շարք տարածաշրջաններ, որոնց ժողովուրդները ևս պատմականորեն և ծագմամբ թյուրքեր են։ Հետևաբար, Ռուսաստանի մասնակցությունն այդ կազմակերպության աշխատանքներին միանգամայն հասկանալի, նպատակահարմար և բնական կլիներ»,- պարզաբանել է նա։

Նշվում է, որ ռուսական կողմը դեռևս պաշտոնական հրավեր չի ստացել։ Միևնույն ժամանակ, Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը չի բացառել, որ կազմակերպության հետ համագործակցության հարցը կքննարկվի Ղազախստանի հետ առաջիկա շփումների ընթացքում։

Պեսկովն ընդգծել է, որ խոսքը պետք է վերաբերի կազմակերպության հետ պետական մակարդակով համագործակցությանը, այլ ոչ թե Ռուսաստանի առանձին սուբյեկտների ինքնուրույն մասնակցությանը։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հոկտեմբերի 30-ին Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում առաջարկել էր Ռուսաստանը ներառել կազմակերպության կազմում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment