Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»

Քաղաքականություն

02.11.2026 | 16:25

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մերժել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, եթե Կոնգրեսի վերահսկողությունն անցնի դեմոկրատներին։ Այս մասին նա հայտարարել է նոյեմբերի 1-ին՝ Fox News-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է Pod Force One փոդքասթի շրջանակում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետո»,- խոստացել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հավելել է, որ մտադիր է պարբերաբար օգտվել այդ լիազորությունից՝ այդպիսով ստիպելով Կոնգրեսի դեմոկրատներին իր հետ համաձայնությունների գալ։

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին։ Սոցիոլոգիական հարցումների արդյունքների համաձայն՝ Թրամփի Հանրապետական կուսակցությունն ընտրողների շրջանում աջակցության մակարդակով զիջում է դեմոկրատներին։ Դեմոկրատական կուսակցությունը կարող է զգալիորեն ավելացնել իր ներկայացվածությունը Ներկայացուցիչների պալատում, ինչպես նաև փոքր առավելություն ստանալ Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում։

Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում աջակցում է իր կուսակիցներին՝ այցելելով ԱՄՆ տարբեր նահանգներ և կոչ անելով քաղաքացիներին քվեարկել հանրապետական թեկնածուների օգտին։

Սեպտեմբերին Թրամփը խոստացել էր հանրապետականների հաղթանակի դեպքում յուրաքանչյուր չափահաս ամերիկացու վճարել 5 հազար դոլար։ Այս նախաձեռնությունը նա անվանել էր «Թրամփի դիվիդենդ»։ Հոկտեմբերի կեսերին նրա թիմի ներկայացուցիչները հայց էին ներկայացրել՝ պահանջելով չեղարկել Ալյասկայում ընտրությունների արդյունքները, եթե հաղթանակ տաներ Դեմոկրատական կուսակցության թեկնածուն։ Սակայն նոյեմբերի 1-ին դաշնային դատավորը մերժել է այդ պահանջը։

Հավելենք, որ կիրակի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավարտել է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ իր լայնածավալ նախընտրական քարոզարշավը՝ վերջին հանրահավաքներն անցկացնելով Այովա և Կանզաս նահանգներում, որտեղ հանրապետականները  բախվել են լուրջ մրցակցության։ Այովա նահանգի Դյուբյուկ քաղաքում Թրամփը վստահություն է հայտնել հաջողության հասնելու հարցում և կոչ արել բոլոր ընտրատարածքներում ընտրել «Ամերիկան՝ առաջին հերթին» քաղաքականության կողմնակիցներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment