ՀՀ կառավարությունը գործնականում արդեն սկսել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրագործումը: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
Նա նաև ներկայացրել է TRIPP-ի երթուղին, հայտնում է Արմենպրեսը:
«Աներկբա և միանշանակ է, որ TRIPP նախագծի իրագործման արդյունքում Հայաստանը բոլոր ուղղություններով ապաշրջափակվելու է: Ապաշրջափակվելու է արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ ուղղությամբ: Բոլոր այս ուղղություններով ապաշրջափակումը չի նշանակում է, որ բոլոր ենթակառուցվածքները լինելու են TRIPP նախագծի մաս: ԹՐԻՓՓ նախագծի մաս են կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին, այնտեղ նաև էլեկտրական հաղորդման գծեր, ավտոճանապարհ: Գազամուղ, նավթամուղ թեմաներն ավելի ուշ քննարկման հարց են»,- նշել է Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ մինչև նախագծի իրականացման հետագա կազմակերպչական գործընթացների ավարտը գործադիրը սեփական նախաձեռնությամբ ձեռնամուխ է լինելու անհրաժեշտ ենթակառուցվածքների նախագծման աշխատանքներին։
«Հայաստանի կառավարությունը, մինչև հետագա գործընթացների կազմակերպումը, իր նախաձեռնությամբ կմեկնարկի TRIPP նախագծի երկաթուղու, ավտոճանապարհի, էլեկտրահաղորդման գծերի նախագծի պատվիրելու հարցը, որ մենք ժամանակ չկորցնենք և սկսենք նախագծի շուրջ աշխատանքները: Որ պահին TRIPP զարգացման ընկերությունը կձևավորվի, այդ պահին արդեն կատարված աշխատանքը ուղղակի ՀՀ կառավարությունը կփոխանցի ընկերությանը»,- ասել է վարչապետը:
Փաշինյանը կարևորել է նախաձեռնության ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար՝ ընդգծելով, որ դրա իրագործումը հնարավորություն է տալու հաղթահարել ավելի քան երեք տասնամյակ շարունակվող տրանսպորտային շրջափակումը։
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է ՀՀ և ԱՄՆ միջև TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։