Աննա Վարդապետյանը Սիսիանում ծանոթացել է համայնքին զբոսայգիների վերադարձման գործընթացին

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով գտնվել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որտեղ ծանոթացել է հանրային նշանակության տարածքների նկատմամբ համայնքի իրավունքների վերականգնման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին։

Գլխավոր դատախազը Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանի և Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանի ուղեկցությամբ շրջել է համայնքի երեք զբոսայգիներում։

Մասնավորապես, Աննա Վարդապետյանն այցելել է «Մայիսի 28», «Հիդրոշինարարների» և Կարեն Դեմիրճյանի անվան՝ «Երևանյան» զբոսայգիներ։ Այցի ընթացքում նրան ներկայացվել են այդ տարածքների նկատմամբ համայնքային շահերի պաշտպանության նպատակով արդեն իրականացված աշխատանքներն ու ընթացիկ գործընթացները։

«Մայիսի 28» զբոսայգում մարզի դատախազ Մասիս Պողոսյանը գլխավոր դատախազին զեկուցել է դատախազական ուսումնասիրությունների արդյունքների մասին։ Պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ հայտնաբերվել են իրավախախտումներ, որոնց հիման վրա դատախազությունը համապատասխան միջնորդագիր է ներկայացրել։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում զբոսայգու տարածքում գտնվող 13 հողամաս՝ ընդհանուր 6411․48 քառակուսի մետր մակերեսով, արդեն վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը։ Միաժամանակ շարունակվում են ևս հինգ հողամասերի վերադարձման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Աշխատանքային շրջայցի հաջորդ կանգառը եղել է «Հիդրոշինարարների» զբոսայգին, որի ամբողջ տարածքը դատախազության միջամտության արդյունքում կրկին անցել է համայնքի տիրապետմանը։ Սյունիքի մարզի դատախազության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ 10 հազար քառակուսի մետր մակերես ունեցող զբոսայգին ամբողջությամբ 2003 թվականի սեպտեմբերի 16-ին վարձակալության է տրամադրվել ֆիզիկական անձի՝ 50 տարի ժամկետով։

Հայտնաբերված հանգամանքների հիման վրա դատախազի ներկայացրած միջնորդագրից հետո Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինները համապատասխան քայլեր են ձեռնարկել։ Արդյունքում 2026 թվականի սեպտեմբերի 30-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է տվյալ քաղաքացու՝ զբոսայգու տարածքի նկատմամբ վարձակալության իրավունքը։

Այսպիսով, մոտ 30 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեք ունեցող զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Սիսիան համայնքին։

Դրանից հետո Աննա Վարդապետյանն այցելել է նաև Կարեն Դեմիրճյանի անվան՝ «Երևանյան» զբոսայգի։ Ներկայում շարունակվում են այդ զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը համայնքի տիրապետմանը վերադարձնելու գործընթացները։

Գլխավոր դատախազը դրական է գնահատել այն քաղաքացիների մոտեցումը, որոնք երկարաժամկետ վարձակալությամբ տնօրինել են զբոսայգիների տարածքները, սակայն համաձայնել են կամավոր դադարեցնել պայմանագրերը և հողամասերը վերադարձնել համայնքին։

«Այս իրավիճակներում Դատախազությունը գործընկերային է տրամադրված և կառուցողական մոտեցում է ցուցաբերում արտադատական կարգով հարցի կարգավորմանը։ «Հիդրոշինարարների» զբոսայգին նման՝ արտադատական կարգով համագործակցության արդյունք է, և մենք չենք կարող չգնահատել ֆիզիկական անձի այս վարքագիծն ու կարևորել, որ քաղաքացիները գիտակցեն՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով, շատ հաճախ օրենքի խախտմամբ կնքված պայմանագրերի խզմամբ, շահում է իրենց ամբողջ համայնքը, որովհետև այդ համայնքի բնակիչներն ու համայնքում մեծացող երեխաները, համայնք-կառավարություն համատեղ ներդրման արդյունքում, ունենում են իրենց կարիքներին համապատասխան բարեկարգված այգիներ, զբոսայգիներ ու խաղահրապարակներ»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը։

Այցի ավարտին գլխավոր դատախազը Սյունիքի մարզի դատախազին տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ Սիսիան համայնքի երկու զբոսայգիների տարածքներն ամբողջությամբ համայնքային տիրապետմանը վերադարձնելու ուղղությամբ։

Leave a comment