Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

02.11.2026 | 12:03

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է 2027 թվականի հունվարի 1-ից արմատական փոփոխություն իրականացնել քաղաքական համակարգի, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ֆինանսավորման մեխանիզմներում։ Այս մասին ԱԺ-ում  2027 թվականի բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմամբ քաղաքացիներին հնարավորություն կտրվի իրենց վճարած եկամտային հարկից ուղղակի նվիրատվություններ կատարել վերոնշյալ ինստիտուտներին։ Ըստ վարչապետի պարզաբանման՝ համակարգի գործողության տրամաբանությունը հիմնված է համընդհանուր հայտարարագրման վրա։

«Քաղաքացիները համընդհանուր հայտարարագիրը լրացնելուց և հաստատելուց հետո իրենց վճարած եկամտային հարկից կարող են նվիրատվություն իրականացնել կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և ԶԼՄ-ներին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ այս նորամուծությունը վճռորոշ դերակատարում է ունենալու քաղաքական համակարգի ինքնավարության, ՀԿ-ների զարգացման և լրատվամիջոցների ֆինանսական անկախության ապահովման գործում։

«Թեև ակնկալիք չկա, որ ներդրման առաջին տարում ֆինանսական հոսքերը դեպի այդ կառույցներ կլինեն ծավալուն, այդուհանդերձ, դրա հաջողությունը մեծապես կախված կլինի հենց կազմակերպությունների ակտիվությունից և քաղաքացիների վստահությունը հայցելու պատրաստակամությունից։ Այս համակարգի կայացումը թույլ կտա ձևավորել առավել անկախ, պետականակենտրոն և քաղաքացիակենտրոն քաղաքական համակարգ՝ ամրապնդելով ժողովրդավարական ինստիտուտների հիմքերը»,- ասաց Փաշինյանը։ 

Հիշեցնենք, որ Factor.am-ն ավելի վաղ անդրադարձել էր թեմային՝ նշելով, որ Կառավարությունն առաջարկում է եկամտահարկի մի մասն ուղղել կուսակցություններին, ՀԿ-ներին և լրատվամիջոցներին, սակայն նախագծում դեռ հստակ չեն շահառուների ընտրության չափանիշներն ու ֆինանսավորման երաշխիքները։

 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Անի Թամրազյան

Leave a comment