Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը գրում է․
Հայաստանի բնակչության զգալի մասը ցնծության մեջ է:
Ուրեմն, Հայաստանի, կներեք, Իրանի առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին հրամայել է Իրանի դեմ հարձակման դեպքում ԱՄՆ-ին և Իսրայելին առնչվող ենթակառուցվածքներին անհապաղ և արդյունավետ հարվածներ հասցնել՝ «առանց աշխարհագրական սահմանափակման»:
Ճիշտն ասած, հասկանալի չէ, թե որն այս «հրամանի» նորությունը: Իրանը միշտ էլ հարվածում էր տարածաշրջանում գտնվող ԱՄՆ-ի և Իսրայելի ենթակառուցվածքներին: Այսինքն, օրինակ` ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Քաթարի, Բահրեյնի, Քուվեյթի, Իրաքի, Սիրիայի, Օմանի, Հորդանանի, Թուրքիայի և նույնիսկ Ադրբեջանի համար «հրամանը» նորություն չէր: Վերջինները վաղուց անգիր գիտեն «հրամանի» բոլոր կետերը և դիմակայությանը հնարավորինս պատրաստված են: Իրանի արևելյան հարևաններից Աֆղանստանն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ որևէ առնչություն չունի, իսկ միջուկային տերություն հանդիսացող Պակիստանին այաթոլլահի «հրամանը» վստահաբար չի վերաբերվում այնպես, ինչպես Ռուսաստանին: Եվ, ուրեմն, տարածաշրջանում մնացին Հայաստանն ու Վրաստանը:
Տեսնես ու՞մ է վերաբերում այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի «հրամանը» և ինչու՞ է Հայաստանի բնակիչների զգալի մասը ցնծության մեջ: