Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների առաջին փուլը պետք է անցկացվի եռակողմ ձևաչափով՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ։ DW-ի փոխանցմամբ՝  նոյեմբերի 1-ին «Վեստի» լրատվական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ բանակցությունները հենց այս ձևաչափով սկսելու անհրաժեշտությունը պայմանավորված է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առկա աշխատանքային շփումներով։

«Պետք է սկսել հենց այսպես, քանի որ ամերիկացիների հետ աշխատանքային շփումներ ունենք։ Հետևաբար տրամաբանական է, որ առնվազն բանակցությունների առաջին փուլերն անցկացվեն եռակողմ ձևաչափով»,- ասել է Ուշակովը։

Անդրադառնալով Եվրամիության ներկայացուցիչների հնարավոր մասնակցությանը՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ հետագայում նրանց համար ևս կարող է տեղ գտնվել բանակցային սեղանի շուրջ։

Կրեմլը կրկին հրավիրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար։

«Եթե նա տարբեր աղբյուրներով ազդակներ է փոխանցում և այդքան ցանկանում է բանակցել, թող գա»,- ասել է Ուշակովը «Վեստիին» տված հարցազրույցում։

Հոկտեմբերի վերջին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել էր, որ Կիևը պատրաստ է Զելենսկու և Պուտինի հանդիպմանը։ Սակայն, նրա խոսքով, նման հանդիպումը կարող է անցկացվել ցանկացած վայրում, բացի Մոսկվայից, Բելառուսից և Հյուսիսային Կորեայից։

Հոկտեմբերի վերջին Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ նոյեմբերին նախատեսվում է Կիևի, Վաշինգտոնի և Մոսկվայի եռակողմ հանդիպում, որի նպատակն է վերսկսել խաղաղ բանակցությունները։

Իր հերթին Յուրի Ուշակովը հայտնել էր, որ եռակողմ բանակցությունները կարող են անցկացվել նոյեմբերի 4-ից հետո։ Հանդիպման օրը կախված կլինի ռազմաճակատում և ընդհանուր իրավիճակից, նշել էր նա։

Հիշեցնենք, որ հունվար-փետրվար ամիսներին Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացրել էին փակ բանակցությունների երկու փուլ։

Չնայած կողմերի՝ առաջընթացի մասին հայտարարություններին՝ Աբու Դաբիում կայացած հանդիպումները նշանակալի արդյունք չէին տվել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։

Leave a comment