«Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության անցնել ցանկացող պարտադիր ժամկետային զինծառայողների համար առաջարկվում է ընդլայնել պայմանագիր կնքելու հնարավորությունները։
Iravaban.net–ն ուսումնասիրել է ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 160-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին նախագիծն ու դրան կից հիմնավորումը։
Նախագծով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար սահմանված պայմանը համապատասխանեցնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին։
Ի՞նչ է նախատեսում գործող կարգավորումը
Կառավարության N 160-Ն որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված է, որ պարտադիր զինծառայողի հետ պայմանագրային զինվորական ծառայության անցնելու պայմանագիր կարող է կնքվել, եթե նա ունի նշանակման ենթակա զինվորական պաշտոնին համապատասխանող զինվորական հաշվառման մասնագիտություն։
Սակայն գործող ձևակերպմամբ հաշվի չի առնվում զինվորական պաշտոնի հիմնական մասնագիտությանը հարակից մասնագիտություն ունենալու հնարավորությունը։
Ի՞նչ խնդիր է արձանագրել Պաշտպանության նախարարությունը
Նախագծի հիմնավորման համաձայն՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով պայմանագրային զինծառայողը նշանակվում է իր հիմնական կամ հարակից զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի՝ հաշվի առնելով նաև ծառայողական գործունեության փորձը։
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ զինվորական պաշտոններին համապատասխանող ռազմահաշվառային մասնագիտությունների ցանկը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը։
Հետևաբար, գործող կառավարության որոշմամբ նախատեսված պայմանն ավելի սահմանափակ է, քան օրենքով սահմանված հնարավորությունը։
Հիմնավորման մեջ որպես օրինակ նշվում է, որ գնդացրորդի հիմնական մասնագիտությանը հարակից է հրաձիգի մասնագիտությունը։
Ի՞նչ է փոխվելու
Նախագծով առաջարկվում է Կառավարության N 160-Ն որոշման 1-ին հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետում «համապատասխանող» բառից հետո լրացնել «հիմնական կամ հարակից» բառերը։
Այսպիսով, պայմանագրային զինվորական ծառայության անցնելու պայմանագիր կնքելու համար զինծառայողը կարող է ունենալ տվյալ զինվորական պաշտոնին համապատասխանող ինչպես հիմնական, այնպես էլ հարակից ռազմահաշվառային մասնագիտություն։
Ո՞րն է փոփոխության նպատակը
Ըստ նախագծի հիմնավորման՝ փոփոխության նպատակն է վերացնել գործող կարգավորման և օրենքի միջև առկա անհամապատասխանությունը, ինչպես նաև հեշտացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացը։
Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ գործող սահմանափակումը որոշակիորեն ազդում է պայմանագիր կնքելու վերաբերյալ ներկայացված դիմումների հետագա ընթացքավորման վրա։
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման և պետական բյուջեում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։
Նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից,-տեղեկացնում է Iravaban.net–ը։