ԱԺ-ում կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումները․ ներկա կլինի Նիկոլ Փաշինյանը

Հասարակություն

01.11.2026 | 12:35

Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները։ Քննարկումներին ներկա կլինի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ներկայացրած նախագծով՝ 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ, ծախսերը՝ 4 տրիլիոն 72 միլիարդ դրամ։ Բյուջեի պակասուրդը կկազմի 468.2 միլիարդ դրամ։

Պետական բյուջեի եկամուտների հիմնական մասը՝ 3 տրիլիոն 462.7 միլիարդ դրամը, նախատեսվում է ապահովել հարկային եկամուտների և պետական տուրքերի հաշվին։

Պաշտոնական դրամաշնորհները կկազմեն 14.2 միլիարդ դրամ, այլ եկամուտները՝ 126.9 միլիարդ դրամ։ Բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար նախատեսվում է ներգրավել շուրջ 187.5 միլիարդ դրամ ներքին և 280.7 միլիարդ դրամ արտաքին աղբյուրներից։

Կառավարության կանխատեսմամբ՝ 2027 թվականին տնտեսական աճը կկազմի 5.8 տոկոս։

Բյուջեի նախագծի քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում կշարունակվեն մինչև նոյեմբերի 11-ը, իսկ խորհրդարանի լիագումար նիստում նախագիծը կքննարկվի նոյեմբերի 17-ից մեկնարկող նիստերի ընթացքում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment