Հոկտեմբերի 28-ին առանձնապես խոշոր չափերով գողության դեպք է արձանագրվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի, 29-ամյա Ալլա Վ․-ն։ Նա հայտնել է, որ Մոսկվա-Երևան չվերթով ժամանելուց հետո օդանավակայանի ժամանման սրահում նկատել է, որ պայուսակից գողացել են փաստաթղթեր և խոշոր չափի գումար։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ տուժողը ոստիկանության բաժնում հայտնել է, որ պայուսակում եղել է 8 հազար ԱՄՆ դոլար և 50 հազար ՌԴ ռուբլի։ Օդանավակայանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տաք հետքերով պարզվել է ենթադրյալ հանցագործի ինքնությունը․ գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն է բերման ենթարկվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի, 27-ամյա Ջավադ Ն․-ն։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։