Հասարակություն
31.10.2026 | 17:23
Հոկտեմբերի 31-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի մասնակցությամբ «Մեգամոլում» տեղի է ունեցել «ՀայՓաս» ընկերության նոր գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։
Միջոցառմանը ներկա էին նաև Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները և IN Groupe ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Յան Հագեն։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն ու «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն կտրել են խորհրդանշական ժապավենը։
Ռեջիս Բուշյեն ներկայացրել է գրասենյակի աշխատանքը, մատուցվող ծառայություններն ու քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմանները։ Ներկաները շրջել են տարածքում՝ ծանոթանալով ծառայությունների մատուցման ընթացակարգերին։
«Համատեղ ջանքերի արդյունքում ներդրվել է բոլորովին նոր համակարգ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը։ Այսպիսով մենք վերանայում ենք սպասարկման մշակույթը՝ կարևորելով յուրաքանչյուր փուլում գործընթացների հստակությունն ու տվյալների անվտանգությունը»,-ընդգծել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նոր գրասենյակի բացումը ծառայությունները քաղաքացուն ավելի մոտ դարձնելու հերթական քայլն է՝ նրան հարմար միջավայրում և հասանելի ձևաչափով։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Երևան Մոլ»-ում բացվել է «ՀայՓաս» ընկերության գրասենյակը, որին մասնակցել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։