Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Երևանի Բակունցի 1 հասցեում գործող «Նոր զովքի» հացի արտադրամասում՝ կասեցնելով դրա արտադրական գործունեությունը։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ստուգումներ են իրականացրել «Նոր զովք» ՍՊ ընկերության՝ Երևան քաղաքի Բակունցի 1 հասցեում տեղակայված հացի և հացաբուլկեղենի արտադրամասում։ Ստուգման արդյունքում արձանագրվել է, որ արտադրական տարածքում չեն պահպանվել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված մի շարք պահանջներ։
Մասնավորապես․
- Արտադրական տարածքում արձանագրվել են կեղտի կուտակումներ։ Բացի այդ, էլեկտրական մալուխները տեղադրված չեն եղել պաշտպանիչ տուփերում, ինչի հետևանքով չի բացառվել տարբեր մասնիկների թափվելու վտանգը։
- Արտադրամասի պատերի մակերեսները պատրաստված չեն եղել ջրակայուն և լվացման համար հարմար նյութերից։ Միաժամանակ վնասվածքներ են հայտնաբերվել նախամուտքի, լվացարանին հարակից տարածքի, ինչպես նաև պատերի որոշ անկյունային հատվածներում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Բակունց 1 հասցեում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: