«Փաստ» օրաթերթը գրում է. Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» նախագիծը։
Հայաստանում սև մետաղների արդյունավետ հանքավայրերի (ինչպես նաև՝ մետաղական պղնձի արտադրության) բացակայության պարագայում հայկական մետաղամշակման ընկերությունները որպես հումք օգտագործում են մետաղի տեղական ջարդոնն ու թափոնը։ Մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկությունները մետաղական հումքով ապահովելու համար խիստ արդիական է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնների արդյունավետ օգտագործման խնդիրը։ Սև և գունավոր մետաղներից արտադրանքը կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսության զարգացման, պաշտպանունակության և պետական անվտանգության բարձրացման համար, ուստի կարևորվում է Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկություններին հումքով ապահովելու հարցը։
Վերջին տարիների փորձը ցույց է տվել որպես հումք ներմուծվող (ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ՝ երրորդ երկրներից) սև և գունավոր մետաղների ջարդոնով կամ նախապատրաստվածքով աշխատելու տնտեսական աննպատակահարմարությունը՝ պայմանավորված ներմուծվող այդ ապրանքների բարձր գների, երկաթուղային տրանսպորտով դրանց ուղղակի առաքման հնարավորության բացակայության ու լոգիստիկ մեծ ծախսերի պատճառով: Արդյունքում, ներմուծված հումքով տեղական ձեռնարկությունների արտադրած վերջնական արտադրանքը բարձր ինքնարժեքի պատճառով (ներմուծված նույնանման ապրանքի համեմատությամբ) նույնիսկ ներքին շուկայում դառնում է ոչ մրցունակ։
Վերջին տարիներին արտաքին շուկաներում ձևավորված բարձր գների պատճառով նկատվում էր Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ինտենսիվ արտահանման գործընթաց։ Այս գործընթացը չկանոնակարգելու դեպքում տեղական մետաղագործական և մետաղամշակման ոլորտի տասնյակ ձեռնարկություններ (ինչպես նաև մալուխների և էլ.լարերի արտադրության) ստիպված կլինեն որպես հումք օգտագործել բացառապես ներմուծվող մետաղի ջարդոնը կամ նախապատրաստվածքները, ինչը չի լուծում առկա խնդիրը։ Ընդ որում, կարևորելով մետաղական հումքով տեղական մետալուրգիական ընկերությունների ապահովման հարցը՝ ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրները նույնպես արգելել կամ սահմանափակել են սև և գունավոր մետաղների արտահանումը։
Կառավարության 2026 թվականի մայիսի 14-ի թիվ 650-Ն որոշմամբ վեց ամիս ժամկետով արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, որոշ արտադրատեսակների, ինչպես նաև սև և գունավոր մետաղից պատրաստված օգտագործված որոշ ապրանքների (որոնք կորցրել են որպես առաջնային ապրանք օգտագործելու պիտանելիությունը) արտահանումը։ Այժմ առաջարկվում է այդ որոշմամբ նշված ապրանքների արտահանման արգել քի ժամկետն ավարտվելուց հետո սահմանել արտահանման արգել քի նոր ժամկետ, որը կգործի 2027 թվականի փետրվարի 4-ից մինչև 2027 թվականի օգոստոսի 4-ը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում