Ռումինիան կողմ է ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացմանը. նախագահի խորհրդական

Բաժանորդագրվել

Ավելի վաղ դաշնակիցներն իրենց համերաշխությունն էին հայտնել՝ Ռումինիա ուղարկելով նոր ժամանակակից ռազմական միջոցներ:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Բուխարեստը հանդես է գալիս ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացման օգտին։ Այս մասին հայտարարել է Ռումինիայի նախագահի խորհրդական Մարիուս Լազուրկան:

«Մեզ անհրաժեշտ է մեր բոլոր դաշնակիցների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների օգնությունը, ըստ այդմ կողմ ենք Ռումինիայում ԱՄՆ ռազմական ներկայության ուժեղացմանը», — լրագրողներին ասել է Լազուրկան։

Նրա խոսքով, ավելի վաղ դաշնակիցներն իրենց համերաշխությունն էին հայտնել՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությունն ապահովելու նպատակով նոր արդիական ռազմական միջոցներ ուղարկելով Ռումինիա: Լազուրկան նշել է, որ ԱՄՆ-ի օգնությունը հատկապես կարևոր է Սև ծովի տարածաշրջանում առկա սպառնալիքները սեփական ջանքերով զսպելու կարողությունների զարգացման տեսանկյունից:

Ներկայում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ավելի քան 5500 զինվոր, այդ թվում մոտ 1500 ամերիկացիներ, գտնվում են Ռումինիայում, որտեղ ամերիկյան զինվորականների մեծ մասը տեղակայված է Միխայիլ Կոգելնիչանու բնակավայրի ավիաբազայում և Դևեսելու ռազմաբազայում։ Այստեղ է գտնվում նաև ՆԱՏՕ-ի հակահրթիռային վահանի մի մասը: 2016 թվականի մայիսին ռումինական Դևեսելու կոմունայում գործարկվել է «Aegis Ashore» համալիրի ամերիկյան ցամաքային ստացիոնար բաղադրիչը, որը հարմարեցված է ոչ միայն հակահրթիռային, այլ նաև հեռահար հարվածային թևավոր հրթիռների արձակումների համար:

Leave a comment