Աշխարհի խոշորագույն առցանց մանրածախ առևտրային և ամպային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի՝ Amazon-ի հասույթը երրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է 12%-ով՝ հասնելով 201.9 մլրդ դոլարի։ Աճին հիմնականում նպաստել են AWS ամպային ստորաբաժանման արդյունքները, որի հասույթի աճի տեմպը հասել է վերջին հինգ տարվա առավելագույնին։
Ընկերության ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հասույթը նախորդ տարվա 180.2 մլրդ դոլարի համեմատ ավելացել է մինչև 201.9 մլրդ դոլար։ Առանց արտարժույթի փոխարժեքների տատանումների 0.9 մլրդ դոլարի բացասական ազդեցության՝ աճը կկազմեր 13%։
Amazon-ի գործառնական շահույթն աճել է 61%-ով՝ հասնելով 28,1 մլրդ դոլարի, իսկ գործառնական շահույթի մարժան կազմել է ռեկորդային 13.9%։
Միաժամանակ զուտ շահույթը փոքր-ինչ նվազել է՝ կազմելով 20.7 մլրդ դոլար։ Պատճառը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում արհեստական բանականության ոլորտում գործող Anthropic ընկերությունում ներդրումներից ստացված 9,5 մլրդ դոլարի միանվագ եկամուտն էր։
Աճի հիմնական շարժիչ ուժը դարձել է Amazon Web Services (AWS) ամպային ստորաբաժանումը, որի հասույթն ավելացել է 39.3%-ով՝ հասնելով 46 մլրդ դոլարի։ Սա վերջին հինգ տարվա ամենաբարձր աճի տեմպն է։
Amazon-ի գլխավոր տնօրեն Էնդի Ջասիի կանխատեսմամբ՝ առաջիկա տարիներին AWS-ի հասույթի աճը կպահպանվի 40%-ից բարձր մակարդակում։
Ընկերությունը հաջորդ եռամսյակում ակնկալում է 240–247 մլրդ դոլարի հասույթ, իսկ տարեկան կապիտալ ծախսերը գնահատում է շուրջ 220 մլրդ դոլար՝ պայմանավորված տվյալների մշակման կենտրոններում և արհեստական բանականության ենթակառուցվածքներում կատարվող լայնածավալ ներդրումներով։
Amazon-ը շարունակում է ընդլայնել AWS-ի հաշվողական հզորությունները՝ արձագանքելով բիզնեսի և ԱԲ մշակողների կողմից ամպային ծառայությունների աճող պահանջարկին։ Միաժամանակ ուժեղանում է մրցակցությունը Microsoft Azure-ի և Google Cloud-ի հետ։
Թեև կապիտալ ծախսերի ավելացումը հնարավորություն է տալիս ընդլայնել ենթակառուցվածքները, այն նաև մեծացնում է ճնշումը ընկերության դրամական հոսքերի վրա։ AWS-ը դառնում է Amazon-ի գործառնական շահույթի հիմնական աղբյուրներից մեկը, և ստորաբաժանման հետագա աճը էական ազդեցություն կունենա ընկերության ֆինանսական արդյունքների վրա։