Քաղաքականություն
30.10.2026 | 17:01
Նոյեմբերի 29-ին Շիրակի մարզի Ամասիա համայնքում կայանալիք ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը։ Այս մասին հայտնել է կուսակցությունը՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
ՔՊ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
«Նոյեմբերի 29-ին կայանալիք Ամասիա համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Ջեմմա Հարությունյանը»։
Նշենք, որ Ամասիան 5751 ընտրող ունի։
Ջեմմա Հարությունյանը համայնքը ղեկավարում է 2016 թվականից։ 76-ամյա համայնքապետն այսօր պաշտոնական աղբյուրներում ներկայացվում է որպես անկուսակցական, իսկ 2017 թվականի ԱԺ ընտրություններում նրա անունը եղել է ՀՀԿ-ի համապետական ցուցակում՝ 181-րդ համարով։ Նա առաջադրված էր նաև Շիրակի թիվ 11 տարածքային ընտրական ցուցակով։
2021-ի ՏԻՄ ընտրություններին Հարությունյանը մասնակցել է ոչ թե ՀՀԿ-ից, այլ գլխավորել է «Ամասիա-Արփի» դաշինքը, որը կազմված էր «Ազատություն» և «Համերաշխություն» կուսակցություններից։
Նույն «Համերաշխություն» կուսակցությունը հոկտեմբերի 25-ի ընտրություններին ընդառաջ Արմավիրում դաշինք էր կազմել «Առաջ» աջակենտրոն կուսակցության հետ, որի ղեկավար Սևակ Խաչատրյանն այժմ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցության պատգամավոր է։
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն Հայաստանի 12 համայնքներում։ Համամասնական ընտրակարգով ավագանի կընտրվի Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան, Արմավիրի մարզի Մեծամոր և Բաղրամյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա, Սյունիքի մարզի Կապան և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում։ Նույն օրը Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով։