Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել Ռուսաստանի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը (ԹՊԿ), քանի որ դա կնպաստի կազմակերպության հեղինակության բարձրացմանը և արդարացի որոշում կլինի։
«Մեր կազմակերպության հեղինակությունը բարձրացնելու նպատակով ճիշտ և արդարացի որոշում կլիներ դրական վերաբերվել Ռուսաստանի մտադրությանը և առաջարկել նրան միանալ այս ձևաչափին կամ դիտորդի կարգավիճակով մասնակցել Թյուրքական պետությունների կազմակերպության գործունեությանը։ Լինելով խոշոր տերություն՝ Ռուսաստանը դարեր շարունակ սերտ կապեր է պահպանել թյուրքական աշխարհի հետ», – հայտարարել է նա Անկարայում կայացած ԹՊԿ գագաթնաժողովի ժամանակ։
Տոկաևն ընդգծել է, որ Ռուսաստանում պատմականորեն բնակվում են բազմաթիվ թյուրքական ժողովուրդների ներկայացուցիչներ։
«Ներկայումս Ռուսաստանն առաջ է մղում «Ալթայը՝ թյուրքական քաղաքակրթության օրրան» նախագիծը, որին աջակցում է Ղազախստանը։ Ռուսերենում բազմաթիվ բառեր ունեն թյուրքական ծագում։ Ընդհանուր առմամբ, եթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների, այսինքն՝ մեր կազմակերպության մի մասը, դա օգտակար կլիներ մեր բոլոր պետությունների համար», – եզրափակել է նա։