Բացում են նախարաների կեղծ օգտահաշիվներ, ներկայանում ԱԱԾ-ից, տեսնում՝ ում են լայքել, ում հետ շփվել․ Պապյանը՝ սոցցանցերում զեղծարարությունների մասին

Բացում են նախարաների կեղծ օգտահաշիվներ, ներկայանում ԱԱԾ-ից, տեսնում՝ ում են լայքել, ում հետ շփվել․ Պապյանը՝ սոցցանցերում զեղծարարությունների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այս պահի դրությամբ հակված եմ այն տեսակետին, որ ՀՀ նախարարների անուններով բացված կեղծ օգտահաշիվները զեղծարարության դրսևորում են: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ, CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբից սոցանցերում կեղծ օգտահաշիվներ են բացվել որոշ նախարարների անուններով՝ մասնավորապես Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և այլոց անուններով:  

Պապյանը ընդգծեց, որ միևնույն ժամանակ նման գործողությունները կարող են հասարակության շրջանում թիրախավորել պաշտոնյաների անձնական պրոֆիլների հանդեպ ունեցած վստահության մոդելը:

«Մի կողմից կասկածներ ունենք, որ այն կարող է լրտեսական ու համակարգված բնույթ կրել, որովհետև թիրախավորում է երկրի պետական ինստիտուտների ղեկավարներին կամ երկրի ներսում կայացած հասարակական-քաղաքական դեմքերին ու նրանց վստահության մթնոլորտին, սակայն մյուս կողմից հստակ ապացույց չունենք, որ ասենք այս կամ այն երկրի հաքերային կազմակերպությունն է անում: Բացի այս այն ինչ տեսնում ենք, ավելի հստակ տանում է դեպի գումարների շորթման ուղղությամբ, քան թե որևէ այլ տեղ: Ինչ-որ պահի դիտարկել ենք նաև այն վարկածը, որ այսպիսով փորձում են նաև մարդկանց կախման մեջ դնել՝ հետագայում լրտես դարձնելու նպատակով, սակայն սրան էլ հաստատված ապացույց չունենք»,-ասաց մեդիափորձագետը:

Պապյանն ընդգծեց, որ հաճախ են լինում դեպքեր, երբ որ հաքերային խմբավորումը, որը զբաղված էր տարբեր հանցագործություններով ներգրավվում է միջպետական գործունեությունների մեջ: Այդպիսիք են՝ օրինակ ռուսական մի քանի հաքերային կազմակերպություններ, որոնք նաև հայտարարել էին, որ հարձակումներ են իրականացնելու՝ Ուկրաինայի պետական կառույցների կայքերի դեմ: Ըստ փորձագետի սա կարող է կապված լինել, օրինակ այն հանգամանքի հետ, որ իրավապահ կառույցները հայտնաբերելով խմբերին չեն ձերբակալում, այլ ստիպում են աշխատել իրենց համար՝ լրտեսական ցանցերի ներսում:

Նրա գնահատմամբ Հայաստանում հայտնի անձանց անուններով ու նկարներով կեղծ օգտահաշիվներ բացելը նոր երևույթ չեն:

«Դեռ նախորդ տարվա հոկտեմբեր ամսից են նկատել այնպիսի խաբեությունների շարք, երբ զեղծարարները սոցցանցերից վերցնում են քիչ թե շատ հայտնի հասարակական անձանց, քաղաքական գործիչների կամ պաշտոնատար անձանց նկարները, ինչպես նաև սոցցանցի ներսում նրա ունեցած ակտիվության ողջ տեղեկատվությունը, թե տվյալ անձը ում հետ է շփվել, ովքեր են իր հրապարակումները «լայքում» կամ մեկնաբանում, այսինքն ձևավորում են իր անմիջական շրջապատի թիրախների ցանկ ու սկսում գրոհի ենթարկել: Նմանատիպ գործընթացներ հիմնականում տեսնում ենք WhatsApp-ով կամ Telegram-ով»:-ասաց Պապյանը:

Փորձագետը ընդգծեց, որ քիչ են դեպքերը, երբ թիրախում են հայտնվել նաև հենց լրագրողները: Ըստ Պապյանի ներկայացրած մոդելի, զեղծարարները նախ զոհին նամակներով տեղեկացնում իբր ԱԱԾ-ում հարուցված գործերի ու իրենց կասկածյալ լինելու մասին, ապա նշում, որ իրենց այդ մասին տեղեկացրել են գերատեսչության ներսից: Սրան հաջորդում է արդեն հեռախոսային զանգի փուլը իբր ԱԱԾ աշխատակից ներկայացող և ռուսերենով խոսացող անձից, ապա սկսվում է հարցաքննություն, ինչը զոհի մոտ վախի զգացողությունն էլ ավելի է ամրապնդում:  

«Այն հարձակումները, որոնք մենք ուսումնասիրել ենք դրանց վերջնանպատակն այն է, որ մարդկանց մոտ վստահություն ձևավորելով հայտնեին, իբր թե ԱԱԾ-ում անձի գումարների ծագման վերաբերյալ գոյություն ունեցող կասկածների մասին, որից հետո առաջարկում են այդ գումարը փոխանցել այսպես կոչված «ապահով հաշվեհամարի»: Ընդ որում հաղորդակցության լեզուն այս ողջ գործընթացի համար ընտրված է ռուսերենը: Զեղծարարը որպես կանոն առաջինը հայերենով բարևելուց հետո նշում է. «դե քանի որ մենք հետաքննություն ենք անում գործընկեր պետությունների հետ, եթե դեմ չեք քննության անհրաժեշտությունից ելնելով զրույցը շարունակենք ռուսերենով»,-ասաց Պապյանը:

Փորձագետը նշեց, որ նման գործողությունների պիկեր իրականում նկատվում են նախընտրական շրջանում, ինչպես օրինակ 2025 թվականի փետրվարին, երբ ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական գործընթացներ էին Գյումրիում և Փարաքարում, և 2026 թվականի մայիսին՝ ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ: Նա նաև նշեց, որ այժմ առկա ակտիվությունը շարունակական ցիկլ է, սակայն այն չի կարելի  կապել COP-17-ի կամ որևէ այլ իրադարձության հետ, որովհետև նման հիմքեր չեն նկատվել:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք տեսանելի են պետական կայքերի դեմ ուղղված հարձակումների հետգծերն ու այն երկրները որտեղից դրանք կատարվում են Պապյանը նշեց. «Մենք սովորաբար տեսնում ենք, թե հարձակումները որտեղից են իրականացվում, բայց դրանք սովորաբար այնպիսի երկրներ են լինում, որտեղ առկա են սերվերային հզորություններ: Այսինքն ակնհայտ է, որ օգտագործվում է այս կամ այն երկրի ենթակառուցվածքը՝ Հայաստանում մարդկանց թիրախավորելու համար: Օրինակ՝ բավականին մեծ ծավալի հարձակումներ ենք տեսնում Ֆրանսիայից, որովհետև այնտեղ իսկապես կան շատ լավ զարգացած սերվերային ենթակառուցվածքներ ու VoIP ցանց, որը կիրառվում է այդ հարձակումներում, բայց թե ով է վարձում այդ ամենը իրականացնելու համար չենք կարող ասել և դա շատ դժվար է, առավել ևս երբ տեսնում ենք, որ դրանք իրականցնողներից շատ-շատերը ռուսալեզու են լինում»:

Պապյանը նշեց, որ վերջին շրջանում քիչ չեն բանկերի հետ կապված զեղծարարության դեպքերը, որի վառ վկայությունը նախօրեին կենտրոնական բանկի հայտարարությունն էր, որի համաձայն զեղծարարների խումբը փորձել է քաղաքացիների անունից տարբեր ֆինանսական կազմակերպություններից վարկեր ստանալ կամ իրականացնել այլ խարդախ գործարքներ՝ ներկայանալով իբր ԿԲ-ի լիզոր աշխատակիցներ:

«Ընդհանրապես մեր մոտ առկա բանկային համակարգը ես համարում եմ շատ կայացած ու զարգացած: Մեր բանկային համակարգը գոնե այն ինստիտուտներից է, որն անվտանգության թեստերն ու սերտիֆիկացումները բավականին լուրջ են անցնում, այնտեղ են աշխատում ՏՏ ոլորտի լավագույն մասնագետները: Օրինակ մենք այս տարվա ընթացքում տեսել ենք, որ բանկային հավելվածների մեջ կիրառման է դրվել այդ STOP գործիքը, ինչը նշանակում է, որ բանկային համակարգը շատ լուրջ հետևում է այդ ամենին: Այնպես, որ եթե դա ՀՀ ԿԲ-ում գրանցված գործող որակյալ ֆինանսական իսիտուտ է ես մտահոգություն չունեմ»,-ասաց Պապյանը:

Նա ընդգծեց, որ մտահոգությունները հիմնականում բխում են ոչ թե բանկային համակարգից, այլ մարդու զեղծարար գործունեությունից, քանի որ բանկի կայքերը այնքան էլ հեշտ չէ կոտրելը, սակայն մարդուն հնարավոր է խաբելը և այնպես անելը, որ նա իր բոլոր գաղտնաբառերը և տվյալները փոխանցի:  

«Այս առումով քաղաքացիներին պետք է հուշել, որ չի կարելի վստահել ինչ-որ մեկին, որովհետև ինքը որևէ նախարարի նկար ունի կամ բանկի լոգո է դրած՝ հատկապես այն դեպքում, երբ նման հաղորդագրությունները WhatsApp-ով կամ Telegram-ով է գալիս: Երկրորդ, ցանկացած նման հաղորդագրություն ստանալուց պետք է այսպես ասած «այլընտրանքային ստուգման» տարբերակը կիրառել: Եթե դուք ինչ-որ բանկից, պաշտոնյայից կամ փոստից ստանում եք ծանուցում, ապա SMS-ով կամ WhatsApp-ով մի պատասխանեք այդ նույն չաթով, կամ այդ նույն հարթակով, իսկ եթե զանգ եք ստացել մի շարունակեք զրույցը:  Փորձեք այդ կառույցի հետ այլ ձևով կապ հաստատել՝ օրինակ, եթե բանկ է, կարելի գնալ բանկ ու հարցում անել, կամ եթե մոլ է ու ինչ-որ առևտրի կենտրոն, որը շահում է խոստանում՝ պետք է գնալ տեղում հարցնել: Եթե ձեզ ծանոթ անձ է, ում հետ ունեք անձնական կապի տվյալներ, ապա ուղիղ զանգեք նրան ու ճշտումներ արեք»,-ասաց Պապյանը:

Leave a comment