Շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև լիակատար խաղաղություն կհաստատվի. Ալիև


Կարծում եմ՝ շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորում և լիակատար խաղաղություն կհաստատվի՝ Մյունխենում France 24-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահը:


Իլհամ Ալիևի խոսքով՝ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պատմական համաձայնությունները նշանակում են, որ հակամարտությունն ավարտվել է: «Մենք թևակոխել ենք խաղաղության մի շրջան, որը, հուսով եմ, հավերժ կտևի: Արդեն ավելի քան վեց ամիս է անցել, Հայաստանի հետ սահմանին իրավիճակը շատ հանգիստ է: Փոխհրաձգություններ, զոհեր, վիրավորներ չկան»,- շարունակել է Ալիևը:


Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները չեղարկվել են:


«Նաև սկսել ենք Հայաստանին նավթամթերք մատակարարել, ինչը, ըստ էության, նշանավորում է մեր առևտրային հարաբերությունների սկիզբը: Այսպիսով, տեսնում ենք, որ արդեն իսկ հասել ենք խաղաղության»,- նշել է Ադրբեջանի նախագահը: Նա հավելել է, որ խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման ճանապարհին որոշ ֆորմալ քայլեր են մնացել: «Մենք սովորում ենք ապրել խաղաղ պայմաններում, և դա շատ լավ զգացողություն է»,- ընդգծել է Ալիևը։


Միևնույն ժամանակ, նա հերթական անգամ հայտարարել է, թե Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն:


«Հարկավոր է տարբերակել հարաբերությունների կարգավորումը պաշտոնական խաղաղության համաձայնագրից, քանի որ կարգավորումն արդեն ընթացքի մեջ է»,- մանրամասնել է պաշտոնյան՝ հույս հայտնելով, որ Հայաստանին և Ադրբեջանին կհաջողվի պաշտոնապես հասնել խաղաղության արդեն այս տարի:


Խոսելով ԱՄՆ փոխնախագահի հետ ունեցած հանդիպման մասին՝ Ալիևը տեղեկացրել է, որ Ջեյ Դի Վենսի հետ ի թիվս այլ հարցերի քննարկել են TRIPP-ի նախագիծը:


Նա համոզմունք է հայտնել, որ նախաձեռնությունը կյանքի կկոչվի: Լրագրողի հարցին ի պատասխան՝ Ալիևը հաստատել է, որ Վենսը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայերի հարցը:


«Ես ներկայացրի Բաքվի դիրքորոշումը, և այդքանը»,- հավելել է նա։

Leave a comment