ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը բուհերի ռեկտորների հետ քննարկել է կրթական բարեփոխումները, ուսանողների աջակցության նոր մեխանիզմներն ու «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացքը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը և կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Սարգսյանը։
Ներկայացնելով Լիլիթ Մկրտչյանին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է բարձրագույն ուսումնական հաստատությունների և կոմիտեի միջև հետևողական ու արդյունավետ փոխգործակցության անհրաժեշտությունը։ Նա կարևորել է բուհական համայնքի ակտիվ մասնակցությունն ու նախաձեռնողականությունը՝ նշելով, որ համակարգային բարեփոխումների հաջող իրականացումը մեծապես կախված է հենց այդ գործոններից։
Հանդիպման հիմնական քննարկումներից մեկը վերաբերել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակման գործընթացին։
Նախարարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել հանրային քննարկման ներկայացված երկու նախագծերի վրա, որոնք վերաբերում են բարձրագույն կրթության կազմակերպման նոր կարգին և պետության կողմից ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելու պայմաններին։ Անդրեասյանը բուհերի ղեկավարներին հորդորել է ակտիվորեն մասնակցել նախագծերի քննարկմանը՝ ներկայացնելով իրենց առաջարկներն ու մասնագիտական դիտարկումները։
«Մեր սկզբունքները մնում են նույնը՝ հնարավորինս քիչ վարչարարություն, պարզ ընթացակարգեր, թվայնացում և ուսանողակենտրոնություն։ Այս սկզբունքները պետք է ընկած լինեն բոլոր գործընթացների կազմակերպման հիմքում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Անդրադառնալով կրթաթոշակների հատկացման նոր համակարգին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ նախատեսվող փոփոխությունների կարևորագույն նպատակներից մեկը բարձրագույն կրթությունն առավել հասանելի դարձնելն է, հատկապես սոցիալապես անապահով և ֆինանսական դժվարություններ ունեցող ուսանողների համար։
Նոր մոտեցման համաձայն՝ ընդունելության մրցութային շեմը հաղթահարած և սոցիալական աջակցության կարիք ունեցող դիմորդները հնարավորություն կունենան կրթաթոշակային աջակցություն ստանալ ուսումնառության առաջին իսկ փուլից։
Հետագա ուսումնական տարիներին կրթաթոշակների տրամադրումը նախատեսվում է կապել ուսանողների ակադեմիական առաջադիմության հետ։ Միաժամանակ կարևորվել է բարձր արդյունքներ ցուցաբերող ուսանողների խրախուսման արդյունավետ գործիքակազմի ձևավորումը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ ֆինանսավորման նոր մեխանիզմներին և դրանց ներդրման հնարավորություններին։
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման ընթացքը՝ տեղեկացնելով, որ 2027 թվականից նախատեսվում է սկսել ուսանողական կացարանների շինարարությունը։
Դրան զուգահեռ շարունակվում են ակադեմիական և տեխնոլոգիական կլաստերների ձևավորմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները, որոնք ծրագրի իրականացման կարևոր բաղադրիչներից են։
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև բարձրագույն կրթության համակարգի թվային վերափոխման հնարավորությունները, միասնական էլեկտրոնային հարթակի ներդրման գործընթացը և հայկական բուհերի միջազգային մրցունակության բարձրացմանն ուղղված քայլերը։
Անդրադարձ է կատարվել ոլորտի զարգացմանը վերաբերող այլ հարցերի ևս՝ կարևորելով նախարարության և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև շարունակական համագործակցությունը։