Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում հանդիպել է մի շարք երկրների իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) աջակցությամբ կազմակերպված այցի շրջանակներում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հոկտեմբերի 24-25-ը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի (IACP) 2026 թվականի համաժողովին: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Համաժողովի ընթացքում երկկողմ հանդիպումներ են տեղի ունեցել մի շարք երկրների իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) տնօրենի առաջին տեղակալ Լեսլի Զիմանի, ինչպես նաև Դիվանագիտական անվտանգության ծառայության տնօրեն Նիկոլաս Կոլուրայի հետ: Վերջիններիս հետ քննարկվել են իրավական համագործակցության ընդլայնման, տեղեկատվության փոխանակման և կոռուպցիայի դեմ պայքարի արդիական մեթոդների կիրառման հարցերը:
Միջազգային համաժողովի շրջանակում Արթուր Նահապետյանը ներկա է եղել նաև մասնագիտացված ցուցահանդեսին, որտեղ ծանոթացել է իրավապահ ոլորտում կիրառվող տեխնոլոգիական նորագույն սարքավորումներին:
Հոկտեմբերի 27-ին՝ Վաշինգտոնում, Արթուր Նահապետյանը հանդիպել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանի հետ: Կողմերն անդրադարձել են ԱՄՆ գործընկերների հետ արդյունավետ համագործակցությանն ու նրանց աջակցությամբ Հայաստանի իրավապահ ոլորտում իրականացվող համատեղ ծրագրերին:
Մի շարք ուղղություններով Կոմիտեի հետ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել նաև ԱՄՆ պետքարտուղարության ԹՊԻՀ բյուրոյի՝ հայաստանյան ծրագրերի համակարգող Ռեյչլ Քուքի հետ երկկողմ հանդիպման ընթացքում:
Նույն օրը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի, այդ թվում՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ներկայացուցիչների հետ: Մասնավորապես՝ քննարկվել են ՀԴԲ-ի հետ համագործակցության ընդլայնման շրջանակներում Հակակոռուպցիոն կոմիտեի ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների զարգացման, ինչպես նաև կոմիտեի ծառայողների գիտելիքների ու գործնական հմտությունների կատարելագործմանն ուղղված նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։
ԱՄՆ արդարադատության դեպարտամենտում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային իրավական փոխօգնության շրջանակում համագործակցության արդյունավետության բարձրացմանը, համապատասխան հարցումների կատարման ընթացակարգերի ու միջազգային գործընկերների միջև տեղեկատվության փոխանակման գործընթացների կատարելագործմանը։ Կողմերն ընդգծել են, որ միջազգային իրավական փոխօգնության մեխանիզմների զարգացումը կարևոր նախապայման է անդրսահմանային բնույթ ունեցող կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, դրանց առնչվող հանգամանքների համակողմանի քննության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերադարձի ապահովումն արդյունավետ կազմակերպելու համար։
Հոկտեմբերի 28-ին Արթուր Նահապետյանն այցելել է նաև ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ազգային ակադեմիա, ծանոթացել կառույցի հիմնադրման պատմությանը, ինչպես նաև ՀԴԲ աշխատակիցների ֆիզիկական պատրաստվածության անհրաժեշտ հմտությունների զարգացման և մասնագիտական վերապատրաստման պայմաններին»,- ասվում է հաղորդագրությունում: