«Ալիևյան սահմանադրությունը» մեր երկրում չի կարող անցնել. Նարեկ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ալիևյան սահմանադրությունը մեր երկրում չի կարող անցնել։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը` անդրադառնալով այն հարցին, թե արդյոք նրանք կողմ կքվեարկեն ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, եթե, ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասում, դրանցով հնարավոր կլինի վերջնականապես հաստատել խաղաղություն։

«Ալիևյան սահմանադրությունը մեր երկրում չի կարող անցնել։ Մենք ԱԺ–ում ենք մեր երկրի շահն առաջ տանելու, կրակը պահելու համար։ Ինչպես կարող է քո` տասնամյակների հակառակորդի առաջարկած սահմանադրությունը լավը լինել. այն թուլացնում է մեզ, Ալիևը չի ցանկանում, որ մենք ուժեղանանք»,– հայտարարեց Կարապետյանը։

Նրա խոսքով` խաղաղության համաձայնագրում չկա որևէ պայման Սահմանադրության փոփոխությունների հետ կապված, այն ստորագրվել է վկայի կարգավիճակով միջնորդի` ԱՄՆ–ի ներկայությամբ, և հենց նա է երաշխավորել պայմանները։

«Սակայն նախաստորագրված պայմանագրից հետո Ադրբեջանը հավելյալ պայման է ներկայացնում ու հող նախապատրաստում, պետական ֆինանսավորում անում ադրբեջանցիների վերադարձի մասին, բարձրացնում Սահմանադրության փոփոխության հարցը։ Փաթեթային չի մոտենում, այլ մաս–մաս է վերցնում։ Արդյունքում մեր երկիրը կանգնել է այն վտանգի առաջ, որ մենք անընդհատ զիջում ենք։ Ադրբեջանը հասկացել է` որքան ձգձգի խաղաղության պայմանագիրը, այնքան շատ կվերցնի մեզնից»,– նշեց ընդդիմադիր գործիչը։

Նա հիշեցրեց` Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ առանց պայմանների է նախաստորագրել խաղաղության պայմանագիրը, սակայն հիմա ինքն էլ չի կարողանում երաշխավորել, որ Ադրբեջանը նոր պայման առաջ չի քաշի վերջնական ստորագրման համար։

Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին։

Leave a comment