Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին

Ռուսական «Նովայա գազետա» պարբերականը հայտարարել է գործունեությունը դադարեցնելու մասին։ Այս մասին ասվում է պարբերականի՝ հոկտեմբերի 30-ին հրապարակած հայտարարության մեջ, գրում է  Current time-ը։

«Նոյեմբերի 9-ին մենք կանջատենք մեր տան լույսը, որտեղ ապրել ենք 30 տարի, կանջատենք սերվերները և կհեռանանք։ Թերթն այլևս գոյություն չունի։ Ռուսաստանի իշխանություններն ու ռուսական հատուկ ծառայությունները ստիպել են խմբագրությանը դադարեցնել աշխատանքը»,- ասվում է խմբագրության հայտարարությունում։

Հոկտեմբերի 29-ին հայտնի էր դարձել, որ խմբագրությունը վտարվում է Մոսկվայի կենտրոնում՝ Պոտապովսկի նրբանցքում գտնվող շենքից, որտեղ աշխատել է 29 տարի։ «Эхо»-ն, հղում անելով «Նովայա գազետա»-ին մոտ կանգնած աղբյուրներին, գրել էր, որ լրագրողները պետք է ազատեն գրասենյակը մինչև նոյեմբերի 9-ը։

Միաժամանակ, ինչպես հաղորդվում է, խմբագրությանը վտարման մասին ծանուցում ուղարկելուն զուգահեռ՝ անջատել են նաև նվիրատվությունների համակարգը, որի միջոցով պարբերականը ստանում էր ընթերցողների ֆինանսական աջակցությունը։

Լրատվամիջոցում տեղի ունեցածը համարում են «համակարգված գործողություն»։

«Ոչ ոքի չեն համոզի բանկերի արդարացումներն այն մասին, թե իրենք այդպես են վարվում՝ առաջնորդվելով ներքին կորպորատիվ կանոններով։ Դրանք արտաքին կանոններ են, որոնք սահմանվել են պետության ռեպրեսիվ ապարատի՝ յուրաքանչյուր կազմակերպության ներսում տեղակայված ԱԴԾ աշխատակիցների կողմից։ Նրանք երկիրը համարում են իրենց սեփականությունը»,- ասվում է խմբագրության հայտարարության մեջ։

«Նովայա գազետա»-ն հիմնադրվել է 1993 թվականի ապրիլին։ Այդ ժամանակից ի վեր պարբերականը հրապարակել է բազմաթիվ հետաքննական նյութեր և ռեպորտաժներ, որոնցից շատերը նվիրված են մարդու իրավունքների խախտումներին։

2022 թվականի սեպտեմբերի 5-ին ռուսական դատարանը չեղարկել էր «Նովայա գազետա»-ի տպագիր տարբերակի լիցենզիան, իսկ հաջորդ օրը՝ «Նովի ռասսկազ-գազետա»-ի գրանցման վկայականը։ Նույն թվականի սեպտեմբերի 15-ին Ռուսաստանի Գերագույն դատարանը՝ Ռոսկոմնադզորի հայցի հիման վրա, հետ է կանչել նաև «Նովայա գազետա»-ի կայքի՝ որպես զանգվածային լրատվամիջոցի գրանցման վկայականը։

2026 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի իշխանությունները «Նովայա գազետա»-ն ճանաչել են «օտարերկրյա գործակալ»։

«Այս տարվա սեպտեմբերին «օտարերկրյա գործակալ» ճանաչեցին ամբողջ խմբագրակազմին՝ ցուցակներում ընդգրկելով ավելի քան հարյուր մարդու՝ լրագրողների և հեղինակների։ Պատերազմի գրեթե հինգ տարիների ընթացքում մեզ հաջողվել է աշխատել հատուկ ծառայությունների շրջափակման մեջ։ Եվ ահա հիմա՝ վերջ։ Մենք հայտնվել ենք «սպանության գոտում»»,- ասվում է «Նովայա գազետա»-ի հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment