ԱՄՆ-ում երեխա ունենալու նպատակով մեկնողները ռիսկի տակ են

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հոկտեմբերի 30-ին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ զգուշացնելով «ծննդաբերական զբոսաշրջության» (birth tourism) նպատակով ԱՄՆ վիզաների չարաշահման անթույլատրելիության մասին: Դեսպանատնից հայտնում են, որ մշտապես հետևում են վիզա ունեցող անձանց գործունեությանը, բացահայտում նման դեպքերն ու չեղարկում այդ նպատակով օգտագործվող վիզաները:

Ինչու է դա կարևոր. ԱՄՆ-ը շարունակում է խստացնել պայքարը «ծննդաբերական զբոսաշրջության» դեմ՝ ապահովելով իր ներգաղթային համակարգի անխաթար գործունեությունը: Զբոսաշրջային (B1/B2) վիզայով ԱՄՆ մեկնելու հիմնական նպատակը երեխային ԱՄՆ քաղաքացիություն ապահովելը համարվում է վիզայի պայմանների խախտում, ինչը հանգեցնում է վիզայի անհապաղ չեղարկման և հետագայում Միացյալ Նահանգներ մուտք գործելու արգելքի:

Հայտարարության առանցքային մանրամասները.

  • Ստուգման չափանիշներ. ԱՄՆ վիզաների տրամադրման գործընթացում կիրառվում են ստուգման ամենախիստ չափանիշները՝ ԱՄՆ պետական տարբեր գերատեսչությունների հետ սերտ համագործակցությամբ:

  • Մշտական մոնիտորինգ. Հյուպատոսական ծառայություններն ու իրավապահ մարմինները մշտապես հետևում են վիզա ստացած անձանց տեղաշարժին և գործողություններին:

  • Հետևանքները. «Ծննդաբերական զբոսաշրջության» նպատակով օգտագործվող վիզաները ենթակա են անհապաղ չեղարկման, իսկ խախտողները կարող են զրկվել հետագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից:

Leave a comment