Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի երկու ներկայացուցիչներ Արսեն Հարությունյանը (61 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) պարտություն կրեցին:
Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը որակավորման փուլում ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել մեքսիկացի Դերեկ Գարսիայի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակիչում 4:14 հաշվով պարտվել է Ալբանիան ներկայացնող դաղստանցի 33-ամյա ըմբիշ Զելիմխան Աբակարովին:
Եվրոպայի չեմպիոն ու կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը մեկնարկել է 1/8 եզրափակիչից ու 1:3 հաշվով պարտվել է թուրք Ֆերհատ Կիլիչին:
Եթե Զելիմխան Աբակարովը և Ֆերհատ Կիլիչը դուրս գան եզրափակիչ, Հայաստանի ներկայացուցիչները հնարավորություն կստանան պայքարել բրոնզե մեդալի համար:
Հոկտեմբերի 30-ին մրցագորգ է դուրս գալու նաև Վազգեն Թևանյանը (65 կգ), որը կարիերայում առաջին անգամ նվաճել է աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր: Հայ ըմբիշն աշխարհի չեմպիոնի կոչումը կվիճարկի ամերիկացի Բո Բասեթի հետ:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել 6 ըմբիշով: Մանվել Խնձրցյանը (57 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ) և Հրայր Ալիխանյանը (79 կգ) պայքարի մեջ կմտնեն հոկտեմբերի 31-ին:
Դավիթ Եղիազարյան