ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ մտադիր է օգտագործել գաղտնի տեղեկատվության հասանելիությունը՝ ուսումնասիրելու ՉԹՕ-ների (չբացահայտված թռչող օբյեկտների) և գերբնական երևույթների թեման։
«Ես խորը հավատացյալ քրիստոնյա եմ. հավատում եմ, որ ոչ ամեն ինչ կարելի է բացատրել միայն ֆիզիկայի օրենքներով։ Հավատում եմ, որ կան բարի ոգիներ՝ կարելի է ասել՝ հրեշտակներ, և կան նաև չար ոգիներ։ Ինչ վերաբերում է ՉԹՕ-ների հետ կապված ծրագրին, ապա ես պարզապես չգիտեմ [ամբողջական պատմությունը], բայց սկսել եմ ուսումնասիրել այն»,- ասել է փոխնախագահը։
«Մտադիր եմ օգտագործել «խիստ գաղտնի» տեղեկատվության հասանելիությունս՝ հարցի էությանը հասնելու համար։ Հնարավոր է՝ գտնեմ լավ պատասխան, կամ էլ՝ սարսափելի մի բան»,- նշել է Վենսը «Fox News»-ին տված հարցազրույցում։
Հոկտեմբերի կեսերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ անձամբ զրուցել է ամերիկացի ռազմական օդաչուների հետ, ովքեր պնդել էին, որ երկնքում տեսել են չբացահայտված օբյեկտներ, որոնք ունակ են զարգացնելու արտակարգ բարձր արագություններ։ ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ այդ անձանց համարում է վստահելի մասնագետներ, այլ ոչ թե դավադրության տեսությունների կողմնակիցներ։ Երբ լրագրողը հարցրել էր արտերկրային կյանքի գոյության, այլմոլորակային քաղաքակրթությունների կողմից Երկիր հնարավոր այցելությունների կամ այն մասին, թե արդյոք ամերիկացի փորձագետներն ուսումնասիրում են նրանց ենթադրյալ տեխնոլոգիաները, Թրամփը հստակ պատասխան չէր տվել։