ԱԺ-ն Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում քննարկում է Շուշան Սարգսյանի թեկնածությունը

ԱԺ-ն Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում քննարկում է Շուշան Սարգսյանի թեկնածությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովը քննարկում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։

ՔՊ խմբակցությունը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար թեկնածու է առաջադրել Շուշան Սարգսյանին։

Թեկնածուին Ազգային ժողովում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը։

Սարգսյանը ծնվել է 1988 թվականի նոյեմբերի 6-ին, 2005-2006-ին սովորել է Ռուս-հայկական սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, 2011 թվականին ավարտել է նույն համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ «Գործարարական իրավունք» մասնագիտացմամբ։

2014-ին ավարտել է Սլավոնական համալսարանի ասպիրանտուրան՝ «Մասնավոր իրավունք» մասնագիտացմամբ։

Աշխատանքային գործունեությունը սկսել է Տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի իրավաբանական վարչությունում, 2011-ից աշխատել է որպես իրավաբանական վարչության փորձագետ, 2014-ին զբաղեցրել է հանձնաժողովի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը։

2018-ից հանձնաժողովի իրավաբանական վարչության պետի պաշտոնն է զբաղեցրել։ 2021-ին Սարգսյանն ԱԺ-ի որոշմամբ նշանակվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ՝ 5 տարվա պաշտոնավարման ժամկետով։

Թեկնածուն ելույթում հակիրճ անդրադարձավ որպես հանձնաժողովի անդամի թեկնածու 2021-ին հնչեցրած ելույթի հիմնական թեզերին, ներկայացրեց կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն, այնուհետև ներկայացրեց ապագային միտված քայլերի վերաբերյալ իր պատկերացումները։

Որպես դրանցից առաջինը՝ Սարգսյանը նշեց հանձնաժողովի թվային գործիքակազմի կատարելագործումն այնպիսի թիրախային ոլորտներում, ինչպիսին պետական գնումների ոլորտն է։

«Նշեմ, որ պետական գնումների ոլորտում մրցակցային խնդիրների խախտումների բացահայտումը մշտապես հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է գտնվել, և զգալի ուսումնասիրություններ ու վարչական վարույթներ են իրականացվել այս ոլորտի ուսումնասիրության շրջանակում, բայց պետք է նշեմ, որ բոլոր վերլուծությունները և բացահայտումներն իրականացվում են մեծապես մարդկային ռեսուրսներով, և թվային գործիքակազմը շարունակում է մնալ սահմանափակ։ Այս իմաստով անհրաժեշտություն եմ տեսնում կատարելագործելու էլեկտրոնային գնումների համակարգն այնպիսի նոր գործիքներով, որոնք մի կողմից թույլ կտան վերլուծել և ուսումնասիրել մեծածավալ տեղեկատվություն էլեկտրոնային համակարգում, մյուս կողմից՝ համալրված կլինեն այնպիսի ալգորիթմերով, որոնք թույլ կտան վերհանել վարքագծային խնդրահարույց օրինաչափություններ, փոխկապակցվածության մասին վկայող հանգամանքներ»,– ասաց թեկնածուն։

Leave a comment