Ռուսական «Նովայա գազետա» պարբերականը (Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության կողմից ճանաչվել է «օտարերկրյա գործակալ») հայտարարել է գործունեության դադարեցման մասին հիմնադրումից ավելի քան 30 տարի անց։
Խմբագրակազմի հայտարարությունը հրապարակվել է պարբերականի կայքում։
«Նոյեմբերի 9-ին մենք կանջատենք լույսերը այն տանը, որտեղ ապրել ենք 30 տարի, կանջատենք սերվերները և կհեռանանք։ Թերթն այլևս գոյություն չունի»,— ասվում է հայտարարության մեջ։
Խմբագրակազմը նշել է, որ տարածքից վտարվելուն զուգընթաց՝ անջատվել է նաև նվիրատվությունների համակարգը, որի միջոցով ընթերցողները կարող էին ֆինանսական աջակցություն տրամադրել։
Մոսկվայի կենտրոնում՝ Պոտապովսկի նրբանցքում տեղակայված շենքից խմբագրակազմի վտարման մասին տեղեկությունը հայտնի էր դարձել հոկտեմբերի 28-ին գլխավոր խմբագիր Սերգեյ Սոկոլովի նամակից։ Նամակում նշվել էր, որ լրագրողներին շատ քիչ ժամանակ է տրվել իրերը հավաքելու համար, իսկ նոր գրասենյակ դեռևս գտնված չէ։ Սոկոլովը հավելել է, որ փակվում է նաև խմբագրության տարածքում գործող Աննա Պոլիտկովսկայայի թանգարանը։
Հայտարարությանը կցված էին խմբագրության ներսում արված լուսանկարներ։ Դրանցից մեկում, որն արվել է հոկտեմբերի 29-ին, պատկերված է «Նովայա գազետա»-ի համահիմնադիր Դմիտրի Մուրատովը (որը Արդարադատության նախարարության կողմից ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»)։ Մեկ այլ լուսանկարի վրա կա հետևյալ մակագրությունը. ««Նովայա գազետա»-ի խմբագրակազմը հավաքում է իրերը»։
Պարբերականի առաջին համարը լույս է տեսել 1993 թվականի ապրիլի 1-ին 100 000 օրինակ տպաքանակով։ 2022 թվականին թերթի տպագրությունը դադարեցվել էր «Ռոսկոմնադզոր»-ի (ԶԼՄ-ների ոլորտը վերահսկող դաշնային մարմին) կողմից տրված երկու պաշտոնական նախազգուշացումներից հետո։ 2024 թվականի սկզբից խմբագրակազմը թողարկել էր «Նովայա գազետա. Ժուրնալ»-ը («Նովայա գազետա. Ամսագիր»)՝ 999 օրինակ տպաքանակով. սա առավելագույն քանակն է, որը թույլատրվում է տարածել առանց որպես լրատվամիջոց պաշտոնական գրանցման։
2026 թվականի սեպտեմբերի 4-ին ՌԴ Արդարադատության նախարարությունը «Նովայա գազետա»-ն ավելացրել էր օտարերկրյա գործակալների ռեեստրում։