Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը պայքարը սկսել են Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ Արսեն Հարությունյանը (61 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ):

Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը որակավորման փուլում ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ մեքսիկացի Դերեկ Գարսիայի նկատմամբ:

1/8 եզրափակիչում 26-ամյա Հարությունյանի մրցակիցը կլինի Ալբանիան ներկայացնող դաղստանցի 33-ամյա ըմբիշ Զելիմխան Աբակարովը:

Եվրոպայի չեմպիոն ու կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի Ֆերհատ Կիլից (Թուրքիա) – Վիշալ Կալիրամանա (Հնդկաստան) գոտեմարտի հաղթողի հետ:

Հոկտեմբերի 30-ին մրցագորգ է դուրս գալու նաև Վազգեն Թևանյանը (65 կգ), որը կարիերայում առաջին անգամ նվաճել է աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր: Հայ ըմբիշն աշխարհի չեմպիոնի կոչումը կվիճարկի ամերիկացի Բո Բասեթի հետ:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել 6 ըմբիշով: Մանվել Խնձրցյանը (57 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ) և Հրայր Ալիխանյանը (79 կգ) պայքարի մեջ կմտնեն հոկտեմբերի 31-ին:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment