«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանը վնասվածքներ է պատճառել ոչ միայն ընդդիմադիր, այլև թիմակից գործընկերներին

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի երեկվա ծեծկռտուքից հետո ՔՊ ողջ ֆրակցիան մեկ մարդու պես շնորհակալություն է հայտնել նորաթուխ պատգամավոր Նարեկ Բաբայանին, որ ռեմբոյի պես՝ հաղթանդամ կազմվածքով աջուձախ ազատություն էր տվել բռունցքներին և վնասվածքներ պատճառել ոչ միայն ընդդիմադիր, այլև թիմակից գործընկերներին։ Նա այնքան էր տարվել մենամարտով, որ վերնաշապիկը դուրս եկած, փորն ու հաղթանդամ մարմինն ի ցույց դնելով հանրությանը՝ փնչացնելով ու վռչալով կռվում էր, հավանաբար փորձելով Նիկոլ Փաշինյանին ապացուցել, որ իզուր չի իրեն մանդատ շնորհել։ Չէ՞ որ մինչ օրս նրա ծպտունը լսող չի եղել, և երևի առաջիկա 4-5 տարին էլ չեն լսի․ նրա «առաքելությունն» այլ է։

Մեզ պատմեցին, որ Նարեկ Բաբայանի «հերոսական» պահվածքը հատկապես ՔՊ-ական կանայք են բարձր գնահատել՝ նա այլևս իրենց սրտի հերոսն է։ 35-ամյա Բաբայանը մասնագիտությամբ պատմաբան է, խորհրդարան գալուց առաջ ընդամենը Չարենցավանի ավագանու անդամ է եղել, դրանից առաջ հայրենի Ալափարսում է ավագանու անդամ եղել և ԱՁ-ի տնօրեն»։

Leave a comment