Սաուդյան Արաբիան առաջարկել է Թուրքիային իր տարածքում ռազմաբազա հիմնել․ «Hürriyet»

Սաուդյան Արաբիան առաջարկել է Թուրքիային իր տարածքում ռազմաբազա հիմնել․ գրել է «Hürriyet»-ի լրագրող Հանդե Ֆըրաթը։

Այս ռազմակայանի մոդելը հավանաբար կնմանվի Կատարում արդեն իսկ գործող թուրքական ռազմական ենթակառուցվածքին։

Ըստ նրա հաղորդման՝ թուրքական ռազմակայանի տեղակայման հիմնական նպատակներն են զսպման կարողությունների ամրապնդումը, Սաուդյան Արաբիայի զինվորական անձնակազմի վերապատրաստումը և նրանց խորհրդատվական աջակցության տրամադրումը, համատեղ պաշտպանական կարողությունների զարգացումը։

Ռազմակայանի հնարավոր ստեղծումը պայմանավորված է Թուրքիայի Մեծ ազգային ժողովում խորհրդարանական ընթացակարգերի ավարտով և զինծառայողներ տեղակայելու թույլտվության տրամադրմամբ։

Թերթի փոխանցմամբ՝ նման ռազմակայանի հիմնման հնարավորությունը կարող է դիտարկվել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև համատեղ պաշտպանության վերաբերյալ «Մեքքայի համաձայնագրի» վավերացումից հետո։ Ակնկալվում է, որ համաձայնագիրը կքննարկվի Պակիստանում նոյեմբերի կեսերին։

«Մեքքայի համաձայնագիրը» նպատակ ունի խթանել համագործակցությունը մասնակից երկրների միջև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանական արդյունաբերությունը, ռազմական պատրաստությունը, տեխնոլոգիաների փոխանցումը և հետախուզական տվյալների փոխանակումը։

Միաժամանակ, Անկարան չի ցանկանում, որ այս դաշինքը դիտարկվի որպես կառույց, որը հակամարտությունների դեպքում ավտոմատ կերպով կողմերից մեկի կողմը կանցնի։ Ավելին, «Մեքքայի համաձայնագրի» շրջանակներում ձևավորվող դաշինքը չի նախատեսում Թուրքիայի մասնակցությունը հութիների դեմ ռազմական գործողություններին։

Leave a comment