Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ ա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

29.10.2026 | 16:36

Նյութը պարունակում է վիրավորական խոսույթ։ Factor TV-ն առավել առաջնային համարելով հանրության իրազեկ լինելու իրավունքը՝ հրապարակում է  պաշտոնյաների խոսքը բառացի՝ միաժամանակ դատապարտելով ու կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից ու ատելության խոսքից։

Ազգային ժողովի լիագումար նիստում ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին, ընդդիմադիրների արձագանքներին և պատգամավոր Լևոն Քոչարյանի բացակայությանը։

Ալեքսանյանն ասաց, որ ընդդիմադիր պատգամավորներն ու լրատվամիջոցները փորձում էին խորհրդարանում տեղի ունեցած բախումը ներկայացնել առավել ծանր ձևակերպումներով։ Նա, մասնավորապես, հիշատակեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝ «ծեծ չէր, ջարդ էր» ձևակերպումը և պնդեց, որ այդկերպ փորձ էր արվում չափազանցնել տեղի ունեցածի մասշտաբը։

Խոսելով միջադեպի պահին ընդդիմադիր պատգամավորների ներկայության մասին՝ Ալեքսանյանն ասաց, որ դահլիճում բացակայում էր միայն մեկ ընդդիմադիր տղամարդ պատգամավոր՝ Լևոն Քոչարյանը։ Նա Քոչարյանի հասցեին հնչեցրեց գնահատականներ և նրան համեմատեց հոր՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ․ «Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ ա»։

Ալեքսանյանը խոսեց նաև նախորդ օրը տեղի ունեցած մեկ այլ միջադեպի մասին՝ կապված Լևոն Քոչարյանի թիկնապահի հետ։ Նրա խոսքով՝ թիկնապահը սադրիչ վարք էր դրսևորել, սակայն ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն իրեն խնդրել էին հարցին ընթացք չտալ։ Ալեքսանյանն ասաց, որ ընդառաջել էր այդ խնդրանքին, սակայն դժգոհեց, որ դրանից հետո ընդդիմադիրները շարունակել էին իր հասցեին քննադատություններ հնչեցնել։

Ելույթի ընթացքում պատգամավորը նաև անդրադարձավ ընդդիմադիրների՝ իրենց «ուժեղ» ներկայացնելու փորձերին և հիշատակեց տարիներ առաջ Տանզանիայում արված լուսանկարները։ Նա ասաց, որ «սատկած առյուծի հետ նկարվելը» որևէ մեկին առյուծ չի դարձնում։

Ելույթի վերջում Ալեքսանյանը ընդդիմադիր գործընկերներին կոչ արեց պահպանել պայմանավորվածություններն ու փոխադարձ մարդկային վերաբերմունքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment