Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ դեռ չի նախաձեռնվել։ Այդ մասին հայտնել են գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
Խորհրդարանի նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին անվանել է «տուշոնկա գողացող Մանվելի օգնական»։ Այնուհետև նա անդրադարձել է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ընտանիքի անդամներին, ինչը սրել է իրավիճակը նիստերի դահլիճում։ Առաջացած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտւքի:
Դեպքի առնչությամբ գլխավոր դատախազությունից լրատվամիջոցին փոխանցել են հետևյալ պարզաբանումը. «ԱԺ-ում ծեծի առնչությամբ դատախազությունում նախաձեռնված քրեական վարույթի վերաբերյալ տեղեկություն առկա չէ»:
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իր մուտքն Ազգային ժողով արգելափակվել է՝ խորհրդարանի սրճարանում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ միջադեպից հետո։ Նա այդ մասին իմացել է հոկտեմբերի 29-ի առավոտյան:
«Այսօր առավոտյան տեղեկացա, որ իմ մուտքն Ազգային Ժողով արգելափակվել է՝ երեկ ԱԺ սրճարանում Վահագն Ալեքսանյանի հետ տեղի ունեցած «միջադեպի» պատճառով։
Իրականում, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել․ պարզապես Վահագնին իր տեղը ցույց տվեցի, ինչից հետո նա նախընտրեց կանանցով շրջապատվել, նոր միայն փորձել ինձ որևէ կերպ պատասխանել, իսկ վերջում զանգահարել ԱԺ նախագահին՝ բողոքելու և պահանջելու, որ իմ մուտքն արգելափակվի։
Ի դեպ, շատ ուրախ եմ, որ պաշտոնը Վահագնի մեջ չի փոխել մի բան․ ինձ տեսնելիս դեռ նույն կերպ խեղդվում է, ինչպես երիտասարդ տարիքում՝ մեր բակում ինձ հանդիպելիս»,-նշել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ավարտից հետո անդրադարձել է Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին։ Նա ասել է, որ խորհրդարանում արձանագրված ծեծկռտուքի համատեքստում աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը և ողջունում նրա գործողությունները։