Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան և Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցը հայտնել են, որ կողմերն Օլեշկիում պահպանում են հրադադարի ռեժիմը և շարունակում են քաղաքի ճանապարհի ականազերծումը, գրում է Current time-ը։
«Հրադադարի ռեժիմը գործում է արդեն 54 ժամ։ Այն սկսվել է հոկտեմբերի 27-ին՝ Կիևի ժամանակով 03:00-ին։ Կողմերը լիովին պահպանում են ձեռք բերված պայմանավորվածությունները, հրադադարի խախտումներ չեն արձանագրվել»,- գրել է Լուբինեցը։
Լանտրատովան հայտնել է, որ քաղաք է ուղարկվել մարդասիրական օգնություն՝ սննդամթերք, վառելիք, դեղորայք և հիգիենայի պարագաներ։ Լուբինեցի խոսքով՝ մարդասիրական օգնության առաքումը նախատեսված է հոկտեմբերի 30-ին։ Քաղաքի բնակիչներին խոստացել են հնարավորություն տալ տարհանվե՝ անկախ նրանից՝ նրանք կցանկանան մեկնել Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարա՞ծք, թե՞ Ռուսաստան։
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտնել է, որ ուկրաինացի և ռուսաստանցի ներկայացուցիչների հետ Օլեշկիում աշխատելու են ամերիկյան Newsmax հեռուստաալիքի չորս լրագրողներ։ Նրա խոսքով՝ լրագրողները հանդես կգան որպես չեզոք դիտորդներ և անկախ կերպով կարձանագրեն ու կփաստագրեն առաքելության ընթացքը։
Fox News-ը հոկտեմբերի 28-ին հայտնել էր, որ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածք վերադառնալ ցանկացող Օլեշկիի բնակիչներին նախատեսվում է տարհանել Ռուսաստանի և Բելառուսի տարածքով։ Սկզբում մարդկանց կտեղափոխեն Անապա, ապա ռազմական ինքնաթիռով՝ Գոմել։
«Նախատեսվում է, որ 2026 թվականի հոկտեմբերի 31-ին Անապա քաղաքի Վիտյազևո օդանավակայանից դեպի Բելառուսի Գոմելի օդանավակայան կմեկնի ուկրաինական պատվիրակությունը, ուկրաինական լրատվամիջոցների երկու ներկայացուցիչ, Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ և այն խմբի ներկայացուցիչը, որը համակարգում է դեպի Ուկրաինա մեկնել ցանկացող քաղաքացիների մարդասիրական առաքելությունը»,- ասվում է հայտարարությունում։
«Գործողությունը սկսվել է այսօր։ Մենք գիտենք, որ Մոսկվայից արդեն օդանավ է մեկնել։ Տեղափոխման համար բավական բարդ սխեմա էր մշակվել։ Այնտեղ ականազերծման աշխատանքներ են իրականացվում։ Հուսով ենք, որ այսօր կամ վաղը բնակիչները կկարողանան անխոչընդոտ և անվտանգ կերպով ստանալ մարդասիրական օգնություն, իսկ ցանկացողները՝ լքել այդ բնակավայրը»,- քաղաքից տարհանման ծրագրերի մասին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Հոկտեմբերի լույս 27-ի գիշերը Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում մարդասիրական առաքելություն իրականացնելու նպատակով ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը։ Քաղաք, որտեղ վաղուց էլեկտրականություն, ջուր և ջեռուցում չկա, իսկ վերջին ամիսներին՝ նաև սննդամթերք, պետք է ժամանեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները՝ սնունդ և դեղորայք հասցնելու համար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի