ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ

Քաղաքականություն

29.10.2026 | 15:37

Հոկտեմբերի 29-ին ռուսական ուժերը հարձակվել են Դնեպրում քաղաքացիական էլեկտրագնացքի վրա։ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 13 մարդ։ Այս մասին հայտնել են քաղաքապետ Բորիս Ֆիլատովը և տեղական ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան, փոխանցում է ՌԲԿ Ուկրաինան։

«Դնեպրում ողբերգություն է տեղի ունեցել։ Անօդաչու թռչող սարքը հարվածել է քաղաքացիական էլեկտրագնացքին։ Շատերը զոհվել են, բազմաթիվ վիրավորներ կան»,- գրել է Ֆիլատովը։

Գանժայի խոսքով՝ հայտնի է 13 զոհի մասին։ Հաղորդվում է նաև հինգ տուժած քաղաքացիական անձանց մասին։

«Ռուսաստանի հարձակման հետևանքով Դնեպրում 13 մարդ է զոհվել։ Առնվազն հինգ մարդ վիրավորվել է։ Բժիշկները բոլոր տուժածներին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում»,- հայտարարել է Ալեքսանդր Գանժան։

«Ուկրաինայի երկաթուղիներ» ընկերությունից հայտնել են, որ ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարվածել են Դնեպրի երկաթուղային կայարանին։

«Հարվածը հասցվել է հարթակներից մեկին, որտեղ այդ պահին գտնվում էր Դնեպր-Զապորոժիե № 866 գնացքը։ Չնայած հայտարարված վտանգի բարձր  մակարդակին՝ հարթակում մարդիկ են եղել։ Կան զոհեր և վիրավորներ»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Հարձակման վայրում աշխատում են փրկարարները, բուժաշխատողներն ու իրավապահները։ Անցած գիշեր Ռուսաստանը 112  ԱԹՍ-ներով գրոհել է Ուկրաինայի տարբեր շրջանները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment