Քաղաքականություն
29.10.2026 | 15:10
Ազգային ժողովը 63 «կողմ» և 27 «դեմ» ձայներով Կարեն Առուստամյանին ընտրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում։
Քվեարկության արդյունքները խորհրդարանում ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը։ Նա ասաց, որ Ազգային ժողովի 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 90-ը։ Քվեատուփում առկա է 90 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկ չի եղել։
Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո նիստը նախագահողը հիշեցրեց, որ Հաշվեքննիչ պալատի անդամն իր պաշտոնն ստանձնում է ընտրվելուց անմիջապես հետո՝ Ազգային ժողովի պատգամավորների ներկայությամբ երդում տալով։
Կարեն Առուստամյանը մոտեցավ ամբիոնին և երդվեց հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, նպաստել հանրային հարստության կառավարման օրինականությանն ու արդյունավետությանը, իսկ իր լիազորությունները կատարել անկախ, անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ։
Երդման արարողությունից հետո նիստը նախագահողը շնորհավորեց Կարեն Առուստամյանին և նրան բարի ծառայություն մաղթեց։