Ռուսաստանից Գերմանիա ձգվող «Հյուսիսային հոսք» ստորջրյա գազատարը չի վերսկսի իր աշխատանքը նույնիսկ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո, լրագրողներին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյոն։
Նա նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը դեմ է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կողմից նախագիծը վերակենդանացնելուն ուղղված ցանկացած համատեղ ջանքի։ «Մենք արդեն ունենք օրենսդրություն, որն արգելում է մեզ գազ ներկրել Ռուսաստանից, և այդ արգելքը շարունակելու է գործել»,- ընդգծել է Պինյոն։
Եվրոպական հանձնաժողովի էներգետիկայի հարցերով խոսնակ Աննա-Կայսա Իտկոնենը պարզաբանել է, որ ԵՄ-ն որոշել է մինչև 2027 թվականի ավարտը աստիճանաբար դադարեցնել ռուսական գազի ներկրումը։