Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել

Իսպանիայում հինգշաբթի եռօրյա համազգային սուգ է սկսվել՝ ի հիշատակ 68 զոհերի․ նրանք զոհվել են վերջին տարիներին Եվրոպայի ամենամահաբեր երկաթուղային աղետներից մեկի հետևանքով, գրում է DW-ն։

Չորեքշաբթի առավոտյան Մադրիդից հարավ՝ Կաստիլիա-Լա Մանչա կենտրոնական շրջանում, պետական RENFE ընկերության արագընթաց գնացքը մխրճվել էր մասնավոր Iryo ընկերության անշարժ գնացքի հետևի մասին։

Փրկարարները ողջ գիշեր շարունակել են ավերակների մեջ որոնել ողջ մնացածներին և զոհվածների մարմինները՝ կռունկների օգնությամբ տեղաշարժելով մետաղի բեկորները։

Ուղևորների հարազատները հավաքվել են մոտակա կենտրոններում՝ տեղեկություններ ստանալու անհետ կորած իրենց մտերիմների մասին։Մոտակա Ուրդա քաղաքի բնակիչները միացել են փրկարարներին՝ օգնություն ցուցաբերելով ողջ մնացածներին։ Նրանք տրամադրել են առաջին օգնության պարագաներ, ջուր և վերմակներ։

Կարմիր խաչի աշխատակիցների խմբերը հոգեբանական և այլ աջակցություն են ցուցաբերել տուժածներին։Կարմիր խաչի հոգեբան Կարմեն Գարսիան AFP լրատվական գործակալությանը հայտնել է, որ շատ մարդիկ շոկային վիճակում են և «դեռևս չեն գիտակցել կատարվածը»։

«Սուգը հաղթահարելու գործընթացը բարդ է լինելու»,- նշել է Գարսիան։

Չորեքշաբթի տեղի ունեցած վթարը Իսպանիայում այս տարի արագընթաց գնացքների մասնակցությամբ արդեն երկրորդ խոշոր երկաթուղային աղետն էր՝ կրկին հարցեր առաջացնելով երկաթուղային անվտանգության վերաբերյալ։ Տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն վթարը պայմանավորել է «անբացատրելի» որոշմամբ՝ թույլ տալ շարունակել գնացքի երթևեկությունը այն բանից հետո, երբ երկաթուղու տվյալ հատվածում խափանվել էր ավտոմատ կառավարման համակարգը։

Նրա խոսքով՝ պետական RENFE ընկերության արագընթաց գնացքն անցել էր մոտ 25 կիլոմետր՝ նախքան բախվելը մասնավոր Iryo ընկերության անշարժ գնացքին։ Վթարի վայր այցելած վարչապետ Պեդրո Սանչեսը խոստացել է անցկացնել համապարփակ հետաքննություն և միջոցներ ձեռնարկել երկաթուղային անվտանգության ամրապնդման համար։

«Ակնհայտ է, որ մենք պետք է բարձրացնենք մեր երկաթուղային ծառայության անվտանգությունը՝ արագընթաց երկաթուղու նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։ Անընդունելի է, որ Իսպանիայի նման երկիրը մեկ տարվա ընթացքում երկու արագընթաց գնացքի վթար ունենա», -հայտարարել է Սանչեսը։

Հունվարին 46 մարդ էր զոհվել, երբ արագընթաց գնացքը դուրս էր եկել ռելսերից և բախվել մեկ այլ գնացքի՝ հարավային Անդալուսիա շրջանում։Վերջին աղետը տեղի է ունեցել Իսպանիայում նոյեմբերի 29-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ։

Լրատվամիջոցները նաև հայտնում են, որ գիշերվա ընթացքում Իսպանիայի մայրաքաղաքում՝ տրանսպորտի նախարարության շենքի դիմաց, հավաքվել է շուրջ 1500 մարդ։ Իսպանական TVE հեռուստաընկերության հաղորդմամբ՝ ցուցարարները հիմնականում պահանջել են վարչապետ Պեդրո Սանչեսի և տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեի հրաժարականը։

Այն բանից հետո, երբ ցուցարարները շշեր և լուսարձակներ են նետել, ոստիկանությունը ամբոխը ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել։ Տուժածների կամ ձերբակալությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Երկաթուղային մեքենավարները մտադիր են հինգշաբթի անցկացնել նախապես ծրագրված գործադուլը։ Երկաթուղային մեքենավարների իսպանական միությունը (Semaf) հայտարարել է, որ գործադուլը կանցկացվի «երկաթուղային անվտանգության պաշտպանության համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment