Պետք է շնորհակալ լինեն ինձ, որ կանխել եմ ավելի վատ զարգացումները. Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ես անվտանգություն հրավիրել եմ դահլիճ և այդպես է դադարել ծեծկռտուքը: Խստորեն դատապարտում եմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի պահվածքը, նա ամբիոնի մոտ ելույթ ունեցող պատգամավորին վիրավորել է, ապա տեղից վեր է կացել, որպեսզի նրան հարվածի: Խստորեն դատապարտում եմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանին, որի առաջին հարվածից է սկսվել ծեծկռտուքը, ամբողջովին աջակցում եմ ՔՊ-ին, որն արել է այն, ինչ արել է»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ըստ Ռուբինյանի՝ ԱԺ առաջին նիստին առաջարկել է հստակ վարվելակերպ. «Առաջարկել եմ գնալ բարեկրթության ճանապարհով, բայց ասել եմ նաև, որ եթե ընդդիմադիր գործընկերները չընդունեն այդ օրակարգը և շարժվեն այլ ճանապարհով, ՔՊ-ն պատրաստ է փոխադարձել այդ ճանապարհին անհամաչափորեն, մենք գործնականում տեսանք, թե դա ինչ է նշանակում: Շատ տարօրինակ է մի կողմից սկսել ծեծկռտուք, մյուս կողմից ԱԺ նախագահին ասել՝ ինչու անվտանգությունը չհրավիրվեց ավելի արագ: Մի բան էլ պետք է շնորհակալ լինեն ինձ, որ կանխել եմ ավելի վատ զարգացումները և պաշտպանել եմ իրենց: Ամենակարևորն այն է, որ Էդգար Ղազարյանը լիովին անվնաս է դուրս եկել այս իրավիճակից: Եթե ես այդ ժամանակ ընդմիջում հայտարարեի, ոչ ոք չէր տեսնելու՝ ով ում հարվածեց, ինչից սկսվեց, երբ «Ուժեղ Հայաստան»-ը ծեծկռտուք սկսեց այդ պահից սկսած հայտարարել եմ ընդմիջում և հրավիրել եմ անվտանգության աշխատակիցներին»:
Ռուբինյանը նշեց, որ ինքը դրա համար պատասխանատու չի. «Ես չեմ պարոն Կարապետյանին հրահանգել, որպեսզի ինքը վիրավորի պատգամավորին և սադրի ծեծկռտուք: Սա երկրորդ դեպքն է, երբ Կարապետյանը խախտում է բարեկրթության կանոնները, այն ժամանակ շատ ներողամիտ ենք եղել, մենք զուսպ դիմացել ենք, բայց երբ հարվածել են մեր պատգամավորին, պարզ է, որ պետք է ստանային պատասխան: Վստահ եմ՝ պարոն Կարապետյանը հետևություններ անելու ունակ անձ է»: